Եվրամիությունը մտադիր է ավելի քան 2 միլիարդ եվրո ներդնել «Արեւելյան գործընկերություն» ծրագրում

Եվրամիությունը մտադիր է ավելի քան 2 միլիարդ եվրո ներդնել «Արեւելյան գործընկերություն» ծրագրում, չորեքշաբթի Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում ելույթ ունենալով՝ ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, ծրագրին մասնակցող երկրների «այդ ներդրումները կոնկրետ ազդեցություն կունենան հասարակությունների վրա»։ «Մեր հիմնարար արժեքները՝ մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, կառավարումը եւ ժողովրդավարությունը, գենդերային հավասարությունը եւ երիտասարդությանը աջակցությունը, կմնան մեր գործընկերության հիմնաքարերը»,- նշել է նա:
«Մենք միայն միասին կարող ենք խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում կառուցել՝ ամրապնդելով մեր համագործակցությունը։ Մենք պատրաստ ենք աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են գործընկերների միջեւ փոխգործակցությանը եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը: Մեզ շատ աշխատանք է սպասվում»,- եզրափակել է Միշելը:
Եվրամիության եւ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի առաջնորդները չորեքշաբթի Բրյուսելում «Արեւելյան գործընկերություն» ծրագրի վեցերորդ գագաթաժողովն են անցկացնում։ Հանդիպումն առաջին անգամ է անցկացվում առանց Բելառուսի, որն այս ամառ դադարեցրել էր իր մասնակցությունը ծրագրին՝ երկրի դեմ ԵՄ պատժամիջոցների պատճառով։ Այդ իսկ պատճառով գագաթաժողովում Բելառուսի պաշտոնական ներկայացուցիչներ չկան, Մինսկը ներկայացված է «դատարկ աթոռով՝ առանց դրոշի»։
Գագաթաժողովի օրակարգում, մասնավորապես, ներառված են համավարակի, «Արեւելյան գործընկերության» երկրներում իրականացվող բարեփոխումների եւ ԵՄ ծրագրին հավատարմության հետ կապված հարցեր։ Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն նաեւ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը


, այդ թվում՝ Ուկրաինայի, Բելառուսի հետ սահմանին, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։
Spread the love