Ադրբեջանը Ղարաբաղի դեմ արգելված կասետային զինատեսակներ է օգտագործել. Արարատ Միրզոյան

Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին մեծամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ օգտագործելով նաեւ արգելված կասետային զինատեսակներ։ Այս մասին սեպտեմբերի 21–ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Շնորհակալություն հայտնելով Անվտանգության խորհրդին Լեռնային Ղարաբաղում անվտանգության եւ մարդասիրական վիճակի հարցով հրատապ նիստ անցկացնելու համար՝ Միրզոյանը շեշտեց, որ Ղարաբաղում այդ վիճակը ստեղծվել է Ադրբեջանի՝ առանց սադրանքի լավ պլանավորած ռազմական հարձակման պատճառով։

«Մինչ միջազգային հանրությունը այստեղ հավաքված փնտրում է աշխարհում խաղաղության եւ անվտանգության պահպանման ուղիներ, մինչ բոլորս խոսում ենք ուժի կիրառումը դատապարտելու հրամայականի մասին՝ կանխելու համար մարդկանց ձեռքով մարդկային զոհերի հանգամանքը, սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը հերթական մեծամասշտաբ հարձակումը նախաձեռնեց ԼՂ–ի  դեմ՝ կոպտորեն խախտելով Նոյեմբերի 9–ի համաձայնության դրույթներն ու միջազգային նորմերը։

Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը, քաղաքները, մյուս բնակավայրերը ինտենսիվ եւ առանց տարբերազատման ռմբակոծվում էին հրթիռներով, ծանր հրետանիով, մարտական անօդաչուներով եւ ավիացիայով, այդ թվում՝ արգելված կասետային զինատեսակներով։ Հարձակման ինտենսիվությունից ու դաժանությունից պարզ է դառնում, որ մտադրությունը ԼՂ բնակչության էթնիկ զտումը վերջնակացնելն է»,– ասաց Միրզոյանը։

Spread the love