Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ խորհրդում իսպանական նախագահության հետ համատեղ աշխատում է Եվրամիությունում սառեցված ռուսական պետական ակտիվների օգտագործման ռազմավարության վրա, ասել է ԵՀ խոսնակ Քրիստիան Վիգանդը։
«Խոսքը 200 միլիարդ եվրոյից ավելի ակտիվների մասին է։ Մենք առաջարկել ենք աշխատել դրանց հարցով։ Սա, սակայն, քննարկվել է հունիսին կայացած ԵՄ վերջին գագաթնաժողովում։ Այժմ մենք աշխատում ենք Իսպանիայի նախագահության հետ փուլային ռազմավարություն իրականացնելու ուղղությամբ և պատրաստ ենք մասնակցել այս հարցի քննարկումներին»,- հինգշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՀ խոսնակը։
«Կա Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի համատեղ փաստաթուղթ, որը հուլիսի վերջին ներկայացվել է Իսպանիայի նախագահությանը։ Եվ մենք պատրաստ ենք առաջարկել իրավական տեքստի նախագիծ, որը հաշվի կառնի անդամ երկրների հետ քննարկումների բովանդակությունը»,- շարունակել է ԵՀ ներկայացուցիչը։
Նա հայտնել է, որ ԵՄ անդամ երկրներն այս հարցի շուրջ սկսել են կարծիքներ փոխանակել Իսպանիայի նախագահության կողմից այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում, որի վերջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին։
«Եվ զգալի թվով անդամ երկրներ համաձայն են, որ հնարավոր կլինի ներդնել վճարային մոդել (Ուկրաինայի համար), որը կգործի քայլ առ քայլ», – նշել է Վիգանդը։
Նա խոստովանել է, որ «սա բարդ հարց է, որը պահանջում է ավելի լայն քննարկում, նախքան ընդունելի առաջարկի ձևակերպումը»:
«Քննարկումները անդամ երկրների հետ շարունակվում են՝ հաշվի առնելով աշխատանքային խմբի առաջիկա նիստը, որը գումարվի սեպտեմբերի 27-ին»,- եզրափակել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։