«Ղարաբաղի կեսը վախեցած հավաքված է խաղաղապահների տեղակայման վայրի դիմաց». արցախցի դեռ սպասում են.

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրի մոտ՝ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում բազմաթիվ արցախցիներ են հավաքվել, որոնք տեղահանվել են իրենց բնակավայրերից այն բանից հետո, երբ դրանք անցել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախցիների մեկը, որի անունը չենք հրապարակում, այդ մասին  պատմել է, որ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քաղաքացիների միայն մի մասին է կարողացել տեղավորել իրենց տեղակայման վայրում, իսկ մյուսները մնացել են դրսում։

«Մարդիկ վախեցած են, համաձայն են մտնել բազա, անգամ ասֆալտին պառկել, այնքան որ ռուսի ապահովության տակ լինեն, բայց չեն կարողանում ներս մտնել։ Մի կին գնացել էր իրերի հետևից, արդեն հետ չկարողացավ գալ, ստիպված երեխաներին էլ ենք դուրս հանել»,– պատմեց նա։

Արցախցիներն անորոշության մեջ են, տարհանվելու հնարավորության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն իրենց չեն տրամադրում։ Մեր զրուցակիցը պատմեց, որ մարդկանց շրջանում լուրեր են պտտվում, որ  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնում Արցախից տեղահանվածներին Հայաստանում ընդունել։

«Խոսակցություններ են այն մասին, որ Փաշինյանը հրաժարվել է արցախցիներից, չի թողնում իր տարածք մտնենք, միջանցք չի բացում։ Մենք էլ չենք ուզում այստեղ մնալ, ինտեգրվել թուրքերին, որովհետև 5 օրում բոլորս կմեռնենք։ Եթե Հայաստանը չի ուզում, թող ճանապարհը բացի, մենք արտասահման կգնանք»,– ասաց նա։

Քաղաքացին պատմեց, որ իրենք խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում գիշերում են վրաններում։

«Մեր ամուսիններին ու հայրերին զինաթափել, բերել, դրսում կանգնեցրել են, չեն կարողանում գալ, որ ընտանիքներով միանանք իրար։ Մեզ հետ էլ ոչինչ չենք վերցրել»,- նշեց նա։

Spread the love