Տեղահանվածներն Արցախում ապագա չեն տեսնում .ո՛չ Ադրբեջանի խոստումներին են հավատում, ո՛չ էլ՝ խաղաղապահների երաշխիքներին

Ադրբեջանի վերջին ռազմագործողության հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տարհանված հազարավոր  արցախցիներ շարունակում են մնալ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում:

Արցախի հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը պատմում է, որ այստեղ հիմնականում տարեցներ, կանայք ու երեխաներ են. արդեն 5-րդ օրն է՝ ոմանք բաց երկնքի տակ են գիշերում, ոմանք մեքենաներում, որոշներն էլ վրաններ են տեղադրել:

Սնունդը, վառելափայտը, խմելու ջուրն այստեղ հայթայթում են՝ ով ինչպես կարողանում է:

Հաթերքի բնակիչ 78-ամյա Վալերի Հայրապետյանը մի կերպ է շարժվում, հիվանդ են ոտքերը, ոչ նստել է կարողանում, ոչ՝ քայլել: Ասում է՝ հազիվ են դուրս եկել հայրենի գյուղից, հապճեպ, ոչինչ չեն հասցրել իրենց հետ վերցնել:

«Առավոտյան ասացին՝ գյուղը հայաթափվում է, թուրքը մտնում է: Մարդ կա նույնիսկ տկլոր է դուրս եկել, առանց մի փոխնորդի»,- պատմում է տարեցտղամարդը:

Արկերի տարափից մազապուրծ արցախցիները իրենց փոքրիշատե ապահով են համարում ռուս խաղաղապահների մոտ, այդ պատճառով է, որ չեն ցանկանում լքել օդանավակայանի տարածքը:

«12 շնչով մաշինների մեջ ենք քնում»,- ասում է տեղահանված կինը:

Օդանավակայանի տարածքում են տեղավորվել ոչ միայն հեռու գյուղերից տեղահանվածները, այլ նաեւ շրջակա տարածքների բնակիչները:

«Սկզբում իջանք նկուղները, հետո ռուս խաղաղապահները եկան ու ասացին, որ այստեղ ավելի ապահով է, նպատակ էլ չունենք այստեղից հեռանալ, որովհետեւ մեզ ոչ մի տեղ ապահով չենք զգում: Դե լուրեր են պտտվում, որ արդեն թուրքի հետ ինտեգրացված ենք, բայց մենք չենք կարող ապրել թուրքի հետ»,- ասում է արցախցի կինը:

Տեղահանվածները այլեւս հնարավոր չեն համարում վերադարձը հայրենի բնակավայրեր: Նրանք այլեւս Արցախում իրենց ապագան չեն պատկերացնում, միակ պահանջն է՝ միջանցք տրամադրել հայրենիքից դուրս գալու համար:

«Ո՞նց գնանք մեր տուն, եթե բանակ չունենք, ոստիկանություն չունենք, մեզ ո՞վ է պաշտպանելու: Մենք թուրքի հետ անելիք չունենք, եթե ինտեգրացիա է, բացառվում է հետ գնալը»,-ասում է կինը:

Արցախի հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում՝ տեղահանված արցախցիներից մեկն ասում է՝ անգամ վերադառնալու առաջարկ լինելու դեպքում՝  չեն վերադառնալու. ոչ Ադրբեջանի խոստումներին են հավատում, ոչ էլ՝ խաղաղապահների երաշխիքներին:

Spread the love