ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտխորհուրդը հայտարարություն է տարածել՝ Արցախում իրականացված էթնիկ զտման եւ հայությանը սպառնացող վտանգների վերաբերյալ։
«2020 թ. 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի չկատարված պարտավորությունները, 2021 թ. մայիս եւ նոյեմբեր ամիսներին ու 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական բանակի ռազմական ներխուժումներն Արցախի եւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններ ու բնակավայրեր եւ ՀՀ ինքնիշխան տարածքից 41 քառակուսի կիլոմետրի բռնազավթումը, 2022 թ. դեկտեմբերի 12-ից սկսված՝ Արցախի 9-ամսյա ամբողջական շրջափակումը, 2023 թ. սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողությունը, ինչպես նաեւ Արցախի հայ բնակչության դեռ ընթացող բռնի տեղահանությունը՝ ուղղակի շարունակությունն են այն ցեղասպան գործողությունների ու հայրենազրկման, որոնք սկսվեցին 1988 թ. փետրվարի սումգայիթյան ջարդերով եւ շարունակվեցին 1992 թ. Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Գետաշենում եւ այլուր տեղի ունեցած կոտորածներով ու բռնագաղթով։ Այս համակարգված ցեղասպանության եւ էթնիկ զտման վերաբերյալ միջազգային կառույցներն ու կազմակերպությունները մինչ օրս չեն նախաձեռնել որեւէ իրավական գործընթաց, իսկ նշված գործողությունների դատապարտումը չի անցել վերացական հայտարարությունների սահմանից եւ չի վերածվել հստակ հակազդեցության ու պատժամիջոցների:
Առնվազն վերջին 35 տարիների ընթացքում Ադրբեջանի ողջ կրթական համակարգն ու տեղեկատվական դաշտը սեփական երկրի հանրության մեջ ներարկել են հայերի հանդեպ ատելություն ու թշնամանք՝ այդ թվում հայասպանների հերոսացման եւ պատմագրության կեղծարարության միջոցով: Այժմ էլ Ադրբեջանի կողմից Արցախի հայությանն առաջարկվող «վերաինտեգրման ծրագրերը» որեւէ ակնարկ չեն պարունակում ատելության այս ծավալների դեմ պայքարի մասին, փոխարենը էթնիկ զտումը ներկայացվում է որպես «հակաահաբեկչական գործողություն»: Համատարած անպատժելիության եւ ամենաթողության այս մթնոլորտը լուրջ մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար օրհասական պահին եւ հիշեցնում սրանից 100 տարի առաջ ծառացած իրավիճակը:
Այսօր Ադրբեջանը «քաղաքակիրթ մարդկության» լռության պայմաններում ոչ միայն խժռում է Արցախը, այլեւ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը՝ առաջ քաշելով «Արեւմտյան Ադրբեջան» անհեթեթ եւ շինծու հասկացությունը, որն աստիճանաբար դառնում է Հարավային Կովկասում նոր աշխարհագրություն ձեւավորելու՝ Ադրբեջանի քաղաքական հայտերից մեկը. սրան զուգահեռ զարգացվում են հարավային Դաղստանի եւ արեւելյան Վրաստանի նկատմամբ տարածքային պահանջները: Նոր ադրբեջանական ինքնության այս բանաձեւերը քննարկվում են գիտական հավակնություն ունեցող եւ նույնիսկ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի հովանավորությամբ լույս տեսած բազմաթիվ հրապարակումներում: Ավելին՝ ադրբեջանական լոբբիստական շրջանակները տարբեր պետություններում հետեւողականորեն միջամտում են Հայաստանի հետ գործակցաբար կազմակերպվող գիտահասարակական նախաձեռնություններին (գրքերի հրատարակություն, ֆիլմերի ցուցադրություն, ներկայացումներ, գիտական միջոցառումներ)՝ խոչընդոտելով դրանց իրագործմանը եւ հայ գիտնականների մասնակցությանը այդ նախաձեռնություններին: Սա, իր հերթին, նպաստում է ՀՀ սահմաններից դուրս հակահայկական տրամադրությունների տարածմանը: Միաժամանակ, Ադրբեջանի դաշնակիցներն ամեն կերպ իրենց աջակցությունն ու հովանավորությունն են հայտնում Ադրբեջանի հակահայկական եւ ծավալապաշտական նկրտումներին։
Առանց մասնագիտական հատուկ վերլուծության իսկ՝ ակնհայտ է առաջիկա բարդ եւ, ըստ ամենայնի, արյունոտ զարգացումների ընթացքը: Որպես հումանիտար գիտությունների ներկայացուցիչներ՝ չենք կարող չբարձրաձայնել, որ ինչպես դաշնակից ՀԱՊԿ անդամ պետությունները, այնպես էլ ՄԱԿ-ն ու փափուկ միջոցների կողմնակից ԵՄ երկրները, չափից դուրս «դանդաղ շարժվելով», արագորեն կորցնում են Հարավային Կովկասում իրենց հիմնարար արժեքների եւ ստանձնած առաքելության իրականացման հնարավորությունները: Այդպես շարունակելու դեպքում՝ Հարավային Կովկասում «խաղաղությունը» կարող է ձեռք բերվել՝ տարածաշրջանը «հերոսացած» հանցագործներին հանձնելու գնով: Ուզում ենք հավատալ, որ վերոհիշյալ միջազգային կազմակերպությունների համար սա չէ սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու՝ մարդու իրավունքի իրացման գինը:
Միանալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մեր գործընկերների «Փրկել Արցախը» կոչին (2023 թ. սեպտեմբերի 22), որպես մտավորականներ եւ հայ ժողովրդի անցյալով ու ներկայով զբաղվող մասնագետներ, մտահոգված մեր ժողովրդի ապագայով՝ կոչ ենք անում.
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ սթափության, ուժերի ամբողջական լարման եւ կազմակերպված համախմբվածության,
- Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ հնարավոր բոլոր հարթակներում բարձրացնել արդեն իսկ իրականացված ցեղասպանության եւ էթնիկ զտումների հարցը եւ հետամուտ լինել ոչ միայն դրանց դատապարտմանը, այլեւ հետեւանքների վերացմանը ու դահիճ պետությունների դեմ պատժիչ գործողությունների իրականացմանը,
- ՀՀ իշխանություններին՝ հնարավոր բոլոր միջոցներով միջազգային ատյաններում բարձրաձայնել արցախահայության իրավունքների եւ ցեղասպանության հարցը: Նաեւ առաջարկում ենք ստեղծել տարբեր երկրներում ապրող հայ եւ օտարազգի բարեկամ մասնագետներից բաղկացած՝ ընդլայնված Խորհրդատվական մարմին, որ կօգտագործի ողջ հայության ներուժը եւ կոնկրետ գործողությունների պլան կմշակի՝ մարդկանց կյանքերը փրկելու համար: Առաջարկում ենք ստեղծել նաեւ Քաղաքական ճգնաժամային ընդլայնված կոմիտե, որ կփորձի արցախահայության փրկության հարցում համերաշխություն եւ համաձայնություն ձեւավորել տարբեր քաղաքական ուժերի միջեւ՝ դուրս գալով նեղ խմբերով ազգի ճակատագրական հարցերը որոշելու փորձառությունից,
- Միջազգային կազմակերպություններին եւ օտարերկրյա կառավարություններին՝ ոչ թե հերթական «մտահոգությունն» արտահայտել արցախահայության դրության վերաբերյալ, այլ հստակ գործողություններ իրականացնել: Նախաձեռնել հայ մշակութային ժառանգության պահպանության միջազգային մշտադիտարկում եւ պատասխանատվության ենթարկել այդ ժառանգությունը ոչնչացնողներին: Ադրբեջանի քաղաքականությունը որակել որպես մարդկության դեմ հանցագործություն եւ նախաձեռնել դրա հետ կապված բոլոր ընթացակարգերը,
- Մեր գործընկերներին՝ բոլոր երկրների ակադեմիական հանրությանը, ձայն բարձրացնել ի պաշտպանություն Արցախի բնիկ էթնիկ տարրի, որը 21-րդ «գլոբալ» դարում միայնակ է մնացել հարեւան ֆաշիստական վարչակարգերի օտարատյաց քաղաքականության առջեւ, եւ որի անտեսումը մեծ ու պատմական պատասխանատվություն է դնում գիտական համայնքի վրա»,- նշվում է հայտարարության մեջ: