ԵՄ-ն հավանություն է տվել երրորդ երկրների տնտեսական ճնշմանը դիմակայելու օրենքին

Եվրախորհրդարանը համաձայնեցրել է այն օրենքը, որը թույլ կտա ԵՄ-ին միջոցներ կիրառել երրորդ երկրների տնտեսական շանտաժի դեմ։ Փաստաթղթի գլխավոր նպատակը, սակայն, նման փորձերի կանխումն է։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 578, դեմ 24 պատգամավոր, 19 պատգամավոր ձեռնպահ է մնացել, տեղեկացրել է DW-ն։

«Հարկադիր միջոցների դեմ այս գործիքը պետք է պաշտպանի ԵՄ եւ նրա անդամ պետությունների ինքնիշխանությունը»,- նշվել է փաստաթղթում։

Տնտեսական հարկադրանքի մասին խոսք լինում է այն ժամանակ, երբ երրորդ երկիրը ճնշում է գործադրում ԵՄ կամ ԵՄ պետության վրա՝ որոշակի որոշման հասնելու համար, օրինակ՝ առեւտրային կամ ներդրումային միջոցների, կամ դրանք ընդունելու սպառնալիքի միջոցով։

Ճնշման այս տեսակը խափանում է Եվրամիության ինքնավարությունը, բայց չի կարգավորվում ԱՀԿ կանոններով։ «Տնտեսական հարկադրանքը ընկնում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության վեճերի լուծման մեխանիզմի գործողության տակ միայն այն դեպքում, եթե այն խախտում է նրա կանոնները», նշել են Եվրախորհրդարանում։

Տնտեսական  ճնշման կասկածանքի դեպքում Եվրահանձնաժողովը չորս ամիս կունենա, որպեսզի ստուգում իրականացնի։ Դրանից հետո Եվրախորհուրդը ութ-տասը շաբաթվա ընթացքում պետք է ձայների մեծամասնությամբ որոշում ընդունի այդ հարցի վերաբերյալ։

«Գլխավոր նպատակն այն է, որպեսզի երկխոսություն սկսվի երրորդ երկրի հետ, եւ նրա պետական մարմիններին համոզեն դադարեցնել հարկադրանքը,- նշվել է Եվրախորհրդարանի կայքում։- Սակայն եթե դա չի հաջողվում, ԵՄ-ն կարող է դիմել տարբեր հակամիջոցների»։

Եթե Եվրահանձնաժողովը որոշի, որ խոսքը տնտեսական հարկադրման մասին է, իսկ Եվրախորհուրդը հաստատի դա, ԵՀ-ն կունենա վեց ամիս համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։ Եվրապատգամավորների կազմած պատասխան գործողությունների ցուցակում են ոչ միայն ապրանքների եւ ծառայությունների առեւտրի, այլեւ մտավոր սեփականության իրավունքի եւ ուղիղ օտարերկրյա ներդրումների սահմանափակումները։ Հնարավոր քայլերից է ԵՄ գնումների շուկայի եւ կապիտալի շուկայի հասանելիության սահմանափակումը, ինչպես նաեւ արտադրանքի շուկայի հասանելիության սահմանափակումը, որի համար անհրաժեշտ է պահպանել քիմիական եւ հիգիենիկ նորմերը։

Ենթադրվում է, որ ԵՄ-ն կարող է պահանջել նաեւ «փոխհատուցում» երրորդ երկրներից, որոնք կփորձեն նրա վրա տնտեսական ճնշում գործադրել։

Spread the love