
Նախնական տեղեկությամբ, սպանված են գտել հագուստի խանութի տիրոջը՝ Անահիտ Իսկանդարյանին՝ կոկորդը կտրած։
Հիշեցնենք, Անահիտ Իսկանդարյանը սպանված Կարեն Եսայանի՝ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի, մայրն է։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ ժամը 13․50-ին շտապօգնությունից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրու Բագրատունյաց օղակում՝ «Հովնան» խանութի մոտ, մահացած մարդ կա, մահացողը կին է։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ՝ անհրաժեշտ գործողություններ են կատարվում հանգամանքները պարզելու համար։
Շիրակի դատախազ Գուրգեն Գիրգորյանը հայտնեց, որ հայտնաբերվել է 1958 թվականին ծնված Ա․-ի դին, դեպքի վայրում աշխատում են նախաքննության մարմիները:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ սպանությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Կարեն Եսայանը սպանվել էր 2012 թվականին՝ իր նշանադրության օրը։ Կարեն Եսայանը նշանադրվում էր Վարդան Ղուկասյանի դստեր հետ։ ԱՄՆ-ում բնակվող Եսայանը ամուսնանալու նպատակով էր եկել Գյումրի: Նրա սպանությունից անմիջապես հետո Հարություն Սարգսյանը ձերբակալվել էր: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, սպանության շարժառիթը եղել է Կարեն Եսայանի հարսնացուի` Մանյա Ղուկասյանի նկատմամբ Հարություն Սարգսյանի համակրանքը: Ըստ դատախազության պաշտոնական հաղորդագրության, Հարություն Սարգսյանը ցանկացել է ամուսնանալ այդ աղջկա հետ, սակայն տեղեկանալով, որ Մանյա Ղուկասյանը այլ անձի հետ է ամուսնանում, որոշել է վրեժխնդիր լինել։