ԵՄ պատժամիջոցները Բաքվի վարչակարգի դեմ հնարավոր են միայն ԱՄՆ աջակցության դեպքում. բուլղարացի փորձագետներ

Արցախում հակամարտությունից հետո Ադրբեջանի դեմ ԵՄ դիվանագիտական արձագանքի լուրջ խստացման կարելի է սպասել դիվանագիտական մակարդակով, որպեսզի կանխվի ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, ասել է Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր Ռադան Կանեւը Euractiv Болгария-ի հարցազրույցում։

Էներգետիկայի գծով բուլղարացի փորձագետները եւ դիվանագետները հաստատել են այս գնահատականը, բայց ավելացրել, որ պատժամիջոցները Բաքվի վարչակարգի դեմ հնարավոր են միայն ԱՄՆ աջակցության դեպքում, որի հեղուկացված բնական գազը կարող է փոխարինել ադրբեջանական գազի մատակարարումներին։ Նրանք կասկածում են, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ԵՄ-ում ռուսական շահերի գաղտնի առաջ մղող են հանդիսանում։

«ԵՄ դիրքորոշումը շատ բանով կախված է Ֆրանսիայի առաջատար դերից։ Նախագահ Մակրոնի ակնհայտ ձգտումն այն է, որ վճռական դեր խաղա արտաքին քաղաքականությունում։ Բուլղարիան հայ ժողովրդի հետ ամուր կապեր ունեցող երկիր է, ինչպես եւ Ֆրանսիան, եւ կարելի է սպասել, որ Սոֆիան համերաշխություն կցուցաբերի ֆրանսիական այս դիրքորոշմանը», կանխատեսել է Կանեւը։

Եվրախորհրդարանը հոկտեմբերի 5-ին ընդունել է բանաձեւ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները վերանայելու եւ Արցախի իրավիճակի պատճառով պատժամիջոցներ մտցնելու մասին։ Եվրախորհրդարանի պատգամավորները առաջարկում են  նվազեցնել կախումը Ադրբեջանի գազի եւ նավթի ներմուծումից։

Կանեւի կարծիքով՝ Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը շատ մեծ սպառնալիք է պարունակում «Հայաստանի եվրոպամետ կառավարության» համար։ «Բացատրություններից մեկն այն է, որ Ռուսաստանն այժմ անօգնական է, բայց կա նաեւ պատժիչ տարր Հայաստանի կառավարության հանդեպ նրա եվրոպամետ քաղաքականության պատճառով։ ԵՄ եւ եվրոպական երկրների բարոյական պարտքն է՝ միջամտել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ցանկացած ագրեսիայի դեպքում»,- ասել է Կանեւը։ Նա ավելացրել է, որ ԵՄ գազի մատակարարումները գլխավորն են, ինչի վրա հույս է դնում Ադրբեջանը հակամարտությունում։

«ԵՄ-ն միասնական պատժամիջոցներ չի մտցրել ռուսական գազի մատակարարումների հարցում, ինչը եւս բացատրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այդ քաղաքականության ինքնավստահությունը»,- ասել է բուլղարացի պատգամավորը։

Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Ադրբեջանը իրեն թույլ տալ դադարեցնել գազի մատակարարումները ԵՄ, էներգետիկայի գծով բուլղարացի փորձագետ եւ ՌԴ-ում նախկին դեսպան Իլիան Վասիլեւը նշել է, որ «ոչ Ադրբեջանը կդադարեցնի մատակարարումները, ոչ էլ ԵՄ-ն՝ գազ գնելը» մոտ ապագայում։

«Ադրբեջանի դեմ ԵՄ «կոշտ» խաղի գաղափարն ինքը հազիվ թե շատ կողմնակիցներ ունենա, մանավանդ ԵՄ երկրների կառավարություններում, որոնք ներկայում ադրբեջանական գազ են ստանում։ ԵՄ-ն ծանրաբեռնված է Ուկրաինայում պատերազմով»,- նշել է Վասիլեւը։

Սակայն, նրա խոսքով, երկարաժամկետ հեռանկարում կարելի է սպասել հետեւանքների Բաքվի վարչակարգի համար, քանի որ ԵՄ զգայականությունը ագրեսիվ քաղաքականություն եւ պատերազմներ վարող վարչակարգերի նկատմամբ մեծանում է։

«Եթե ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պայմանավորվեն Ադրբեջանի դեմ պատժիչ քաղաքականության մասին, ամերիկյան հեղուկացված բնական գազը կարող է փոխարինել ադրբեջանական գազին։ ԵՄ-ն կարողացավ հաղթահարել կախումը ավելի քան 150 մլրդ խորանարդ մետր ռուսական գազից, կհաղթահարի 15 մլրդ խորանարդ մետրի կախումն ադրբեջանական գազից։ Ամեն ինչ կախված է Բաքվի արձագանքից, այն բանից, թե որքանով են նրանք հասկանում Եվրոպայի օտարման ռիսկերը»,- ասել է Վասիլեւը։

Նրա խոսքով՝ Բուլղարիայի համար հակամարտությունից սպասվող ռիսկերը փոքր չեն, բայց դրանք ուղղակիորեն կապված չեն արցախահայերի արտաքսման հետ։

«Այս հակամարտությունից հետո Ադրբեջանը խիստ մեծացրել է կախումը Թուրքիայից եւ կրճատել արժեքավոր կապիտալը Եվրոպայում։ Ադրբեջանի ղեկավարությունը շրջապատված էր Բրյուսելի հատուկ ուշադրությամբ եւ վերաբերմունքով՝ անկախ Թուրքիայից։ Այսօր ռուսական գազը եւ նավթը «լվացվում» են  Թուրքիայի միջոցով, եւ ուղիղ պայմանագրերը Եվրոպա ադրբեջանական նավթի եւ գազի մատակարարումների մասին կարող են հայտնվել սպառնալիքի տակ»,- նախազգուշացրել է փորձագետը։

Վասիլեւը հիշեցրել է SOCAR ադրբեջանական էներգետիկ ընկերության որոշման մասին. ընկերությունը ցանկանում է ռուսական «Լուկօյլ» ընկերությունից հսկայական վարկ ստանալ՝ Թուրքիայի ՆՎԳ-ում ռուսական հում նավթի մեծ ծավալների վերամշակման համար, ինչի պատճառով Բրյուսելում բազմաթիվ «կարմիր լույսեր» են վառվել։ Նրա խոսքով՝ Բուլղարիայում եւս մանրակրկիտ հետեւում են ադրբեջանցի քաղաքական գործիչների գործողություններին, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ կապերի ամրապնդմանը ԵՄ-ի հաշվին։

«Այդ քայլերը, համենայն դեպս այս փուլում, հուսադրող չեն»,- ասել է Վասիլեւը։ Բուլղարիան եւ Հունաստանը հատկապես կախված են ադրբեջանական գազի մատակարարումներից։

«Բաքուն պարզապես Անկարային է հանձնել ԵՄ-ի հետ էներգետիկայի վերաբերյալ բանակցություններ վարելու իրավունքը, իսկ դա նշանակում է, որ մեծ է այն հավանականությունը, որ ավելի շատ ադրբեջանական գազ կհայտնվի Թուրքիայի գազի հաշվեկշռում եւ կարտահանվի ԵՄ՝ ի հաշիվ ուղիղ շփումների։ Հարցն այն է, թե ինչպես ԵՄ-ն կնայի Թուրքիայի դերին այդ գործընթացում եւ արդյոք պատժամիջոցներ կմտցնի»,- մեկնաբանել է Վասիլեւը։

Նա ավելացրել է, որ ռուսական գազային կառույցի մեջ է մտնում ռուսական, ադրբեջանական եւ իրանական գազը։ «Ես կարծում եմ, որ պատերազմը ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ նույնպես ազդեցություն կունենա, հատկապես Ռուսաստանի համատեքստում»։ «Բաքուն պարզապես պետք է որոշի, թե որտեղ է ինքը գտնվում»,- ասել է Վասիլեւը։

«Ադրբեջանը կորցնելու բան կունենա, եթե բանը հասնի պատժամիջոցներին։ Հաշվի առնելոբվայն, թե որքան կարեւոր է երկրի տնտեսության համար Եվրոպա մատակարարումների երաշխավորումը, Բաքուն ավելի շուտ կենթարկվի, քան թե հակամիջոցներ կմտցնի»,- ասել է բուլղարական վերլուծաբանական կենտրոնի (որն զբաղվում է դեմոկրատիայի ուսումնասիրմամբ) «Էներգիա եւ կլիմա» ծրագրի տնօրեն Մարտին Վլադիմիրովը։

Նրա խոսքով, եթե Ադրբեջանը ԵՄ-ի դեմ իրական քայլեր ձեռնարկի, Բուլղարիան կտուժի, քանի որ ներկայում այնտեղից ստանում է իր բնական գազի մեկ երրորդը։ Դա շատ ավելի էժան գազ է, քան միջազգային շուկաների գազը։ Սակայն դա վերաբերում է նաեւ Բալկանների այլ երկրներին, եւ գազի անբավարարությունն այդ երկրներից մեկում իր հետեւից կբերի գազի անբավարարություն մյուս երկրներում։

Նա նշել է, որ Եվրամիության լռությունը Արցախի հանդեպ Ադրբեջանի վարքի հարցում «խլացուցիչ» է։ «Այդ լռությունը երկակի չափորոշիչների զգաոցողություն է առաջացնում, որոշ դեպքեր դիտարկվում են որպես միջազգային իրավունքի խախտումներ, իսկ որոշ դեպքեր պարզապես անտեսվում են։ Դա հարեւանների հետ տարածքային վեճեր ունեցող այլ երկրներին հույս է տալիս, որ այդ վեճերը կարող են լուծել միակողմանիորեն՝ ռազմական ուժի օգնությամբ։ Մենք պետք է վճռականորեն ընդգծենք, որ Հայաստանն այդ տարածքներն օկուպացրել էր 1990-ականների ռազմական ինտերվենցիայից հետո։ Բայց դա չի նշանակում, թե մենք պետք է ընդունենք, որ ներկա իրավիճակը ազնիվ ռեւանշ է»,- նշել է Վլադիմիրովը։

Նա բացատրել է նաեւ Բրյուսելի լռությունն այն հարցում, որ Ադրբեջանը նավթի եւ գազի կարեւոր մատակարար է։ Նրա խոսքով՝ ոչ մի դրական բան չկա այն բանում, որ Եվրոպան իր կախումը ավտորիտար մի պետությունից փոխարինի մեկ ուրիշով։

Երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ն պետք է նպատակադրվի դառնալ անախ հանածո վառելիքից, իսկ կարճաժամկետ հեռանկարում դիվերսիֆիկացնի իր մատակարարումները դաշնակից երկրներում, որոնք նման աշխարհաքաղաքական դիրք եւ մարդու իրավունքների ընդհանուր ըմբռնում ունեն։

Բուլղարացի փորձագետը նշել է, որ Ադրբեջանը միշտ ավտորիտար պետություն է եղել, բայց վերջին տարիներին այնտեղ լիովին քանդվել են դեմոկրատական ինստիտուտները, նախագահ Ալիեւի անձը պաշտամունքի է վերածվել, իսկ դեմոկրատական իրավունքները ճնշված են։

«Ադրբեջանը լոբբիի է ենթարկում Եվրոպային։ Անցած տարիներին ապացուցվել է, թե ինչպես են լոբբիստները պաշտպանել իրենց դիրքերը։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը օգտագործել են Եվրամիությունում իրենց «օգնականների» ծառայությունները, որպեսզի փոխեն միության արտաքին քաղաքական դիրքորոշումը եւ պաշտպանեն իրենց շահերը»,- ասել է Վլադիմիրովը։

Արցախում Հայաստանի ջախջախումը, նրա կարծիքով, չէր կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի լռելյայն աջակցության, որը Հայաստանի տարածքային ամբողջականության գլխավոր երաշխավորն էր, բայց որոշեց չմիջամտել այդ հակամարտությանը։ Դա նշանակում է, որ Բաքվի հետ համագործակցություն հաստատ եղել է. բանակցություններից եւ գործողությունների համակարգումից՝ մինչեւ Արցախ ներխուժում։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունի հստակ պայմանավորվածություն այն մասին, որ Եվրոպա այլընտրանքային էներգիայի մատակարարումը կշարունակվի։ «Կասկած կա նաեւ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան այժմ աշխատում են «Գազպրոմի» հետ՝ ռուսական մատակարարումների նոր երթուղի ստեղծելու եւ Ուկրաինայով տարանցման լիակատար դադարեցման ուղղությամբ։ Սա լուրջ հարված կլինի Ուկրաինային։ Փաստացի թե՛ Արդբեջանը, թե՛ Թուրքիան «ծածկույթ» են ծառայում Բալկաններով եւ Կենտրոնական Եվրոպայով ռուսական գազի խոշոր մատակարարումների համար»,- ասել է Վլադիմիրովը։

Spread the love