Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի նիստում սահմանել է Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը:
Ըստ հիմնավորման՝ հանրապետության շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքերից կառավարման մարմիններ են ձևավորված միայն 42%-ում (շուրջ 8000 շենք): Մնացած 58%-ում (շուրջ 11000 շենք) կառավարման մարմիններ ձևավորված չեն և կառավարումը՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի համաձայն, պետք է իրականացնեն համայնքները:
Ընդ որում, հետխորհրդային տարիներին՝ բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումից հետո, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները ձևավորվել են հիմնականում իներցիոն, առանց ընթացակարգերի պահպանման կամ մտայնությունների վերանայման և նրանց մասով սահմանված չէ որևէ գիտելիքի, փորձառության կամ այլ պահանջ:
Անարդյունավետ և ոչ պատշաճ իրականացումն էլ իր հերթին բերում է բազմաբնակարան շենքերի մաշվածության գործընթացի արագացման և հանգեցնում վնասվածության մնացորդային կուտակումների՝ վատթարացնելով շենքի տեխնիկական վիճակը՝ վտանգելով ոչ միայն շենքի ֆիզիկական գոյատևումը, այլ նաև մարդկանց կյանքը, առողջությունը, գույքը, անվտանգությունը:
Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում հիմնովին բարեփոխել բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը՝ վերանայելով բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում առկա կանոնակարգումները, կարգավորել բնագավառում առկա խնդիրները և իրավահարաբերությունները` տարանջատելով շենքի կառավարման և պահպանման գործառույթները և ամրագրելով բնագավառում գործող բոլոր սուբյեկտների իրավասություններն ու պարտականությունները, պարզեցնել կառավարման մեխանիզմը, ներդնել բազմաբնակարան շենքերի մասնագիտացված կառավարման համակարգ և այլն:
Արդյունքում՝ կբարելավվի բազմաբնակարան շենքերի կառավարման որակը և արդյունավետությունը: