Այսօրվանից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը. որոնք են բացառությունները եւ ինչ այլընտրանքներ կան

2022 թվականիհունվարի 1-ից տնտեսվարողները եւ գնորդները կհրաժարվեն պոլիէթիլենային տոպրակներից եւ պարկերից։ Այսօրվանից ուժի մեջ է մտնում օրենքը, որով արգելվում է մինչեւ 50 միկրոն հաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակների եւ պարկերի վաճառքը խանութներում, սուպերմարկետներում եւ առեւտրի այլ կենտրոններում։
Շրջակա միջավայրի  նախարարության նախաձեռնած այս փոփոխության նպատակը պլաստիկի օգտագործումից բնությանը հասցվող վնասը նվազեցնելն է։
Ամբողջ աշխարհում տարեկան մոտ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ է օգտագործվում: Միջին հաշվարկով՝ մեկ տնային տնտեսությունն օրական 1-ից 2-ն է օգտագործում։ Մինչեւ 50 միկրոն հաստություն ունեցող ցելոֆանե տոպրակները բնության մեջ քայքայվում են 400-ից 500 տարում։
Օգտագործված տոպրակների մեծ մասը կուտակվում է օվկիանոսում, ցամաքում եւ մեծ վնաս հասցնում շրջակա միջավայրին եւ մարդու առողջությանը։ Կուտակված պլաստիկը տարեկան մոտ 100 հազար ծովային եւ ցամաքային կենդանու մահվան պատճառ է դառնում։ Ըստ հաշվարկների՝ եթե աշխարհը չպայքարի պլաստիկի դեմ, 2050 թվականին համաշխարհային օվկիանոսում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ։
2019 թվականի սկզբից Եվրոպական միության երկրներում արգելվել է անվճար պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը խանութներին։ Արդեն 2021 թվականին Եվրամիության երկրները հրաժարվել են մեկանգամյա օգտագործման սպասքից։ Մինչեւ 2029 թվականը Եվրոպան նպատակ ունի հավաքել օգտագործված պլաստիկ շշերի 90%-ը վերամշակման նպատակով։
Պլաստիկի հասցրած վնասները մեծ են նաեւ Հայաստանում։ Պոլիէթիլային մնացորդներով աղտոտված են Հայաստանի բազմաթիվ ջրավազաններ, որոնց հարեւանությամբ գործում են հանգստավայրեր եւ զբոսաշրջային կետեր։ Ըստ ԵԱՀԿ-ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը եւ տոպրակները հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները:
Շրջակա միջավայրի նախարարությունը բնությունը պլաստիկից պաշտպանելու համար իր առջեւ խնդիր է դրել նվազեցնել մեկանգամյա օգտագործման արտադրանքի ծավալները, առաջին քայլը պոլիէթիլենային տոպրակներն են:
«Կա բացառություն երկրորդային հիմքից արտադրված պոլիէթիլենային տոպրակներն են։ Խոսքն այս վերամշակված հումքից պատրաստվածի մասին է, եւ բացառություն են այս պարկերը, որոնք մեկանգամյա օգտագործման պարկերն են․ դրանք կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերն են, այսինքն՝ ապրանքի սանիտահիգենիկական վիճակի պահպանման համար են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը։
Գերազանցում է առեւտրի կետում առկա պոլիէթիլենային տոպրակի հաստությունը 50 միկրոնը, թե՝ ոչ, կստուգի հատուկ սարքը։
Եթե վաճառքում առկա տոպրակի հաստությունը կազմի 50 միկրոնից ցածր, տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով։ Ընտրվել է 50 միկրոնը, քանի որ այն բավական հաստ տոպրակ է, որը կարող է օգտագործվել բազմակի անգամ։
Իսկ ինչ են առաջարկելու վաճառակետերը ցելոֆանե տոպրակների փոխարեն։ Դրանց կփոխարինեն կտորե եւ թղթե տոպրակները։ Ավետիսյանը վստահեցնում է՝ գնորդի համար սա առավել մատչելի տարբերակ է։ Այս պարագայում սպառողը կունենա բազմակի օգտագործման թղթե կամ կտորե տոպրակ, որով կգնա առեւտրի ու ստիպված չի լինի ամեն անգամ գնումներ կատարելիս տոպրակ գնել։

«Եթե մենք հաշվում ենք, որ օրական թեկուզ մեկ տոպրակ ենք գնում՝ թեկուզ 10 դրամով եւ օգտագործում ընդամենը մի քանի րոպե՝ ապրանքն ընդամենը տուն հասցնելու համար, իսկ կտորից տոպրակը, որը գուցե արժե 1500 կամ 2000 դրամ, ինքը ուղղակի տարիներով կարող են օգտագործել»,- նշեց Ավետիսյանը։
Հայաստանում տարեկան մոտ 12 000 տոննա  պոլիէթիլենային փաթեթ է արտադրվում: Արդեն արտադրված տոպրակների հետ տնտեսվարողն ինքը պետք է որոշի՝ ինչպես վարվել: Լիանա Ավետիսյանն օրինակ առաջարկում է վերամշակել դրանք՝ միաժամանակ նշելով, որ արտադրամասերին վերապրոֆիլավորվելու համար համար երկու տարի է տրվել։
Իսկ ինչպե՞ս են պատկերացնում սուպերմարտկետները եւ խանութները անցումը թղթե եւ կտորե տոպրակներին: Քարֆուր սուպերմարկետում դեռ կես տարի առաջ են պոլիէթիլենային տոպրակները փոխարինել թղթե տոպրակներով: Այստեղ բռնակներով թղթե մեծ տոպրակն արժե 100 դրամ, առանց բռնակների միջինը՝ 55 դրամ, իսկ փոքրն անվճար է: Սուպերմարկետում նշում են՝ հաճախորդները հեշտությամբ հարմարվեցին փոփոխությանը։
Մի քանի այլ սուպերմարկետներում եւ խանութներում էլ մեզ ասացին՝ արդեն պատրաստ են փոփոխությանը: Հավանաբար երկու տարբերակն էլ կընտրեն։ Խանութներում թղթե տոպրակները գինը սկսվում է 100 դրամից, կտորե տարբերակինը՝ 200 դրամից՝ կախված չափսից։
Մեզ հետ զրույցում գրեթե բոլոր քաղաքացիները ասացին, որ դեմ չեն այդ փոփոխությանը։ Քաղաքացիներից շատերն իրենց հետ ունեին թղթե կամ կտորե տոպրակներ եւ վստահեցրին, որ պատրաստ են մի փոքր ավելի վճարել էկոլոգիապես առավել հարմար տարբերակի համար։

Spread the love