Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի հայտարարել է, որ խորհրդարանը կարող է օրենսդրական ուղղում ընդունել դատական ճգնաժամը լուծելու համար, որը բխում է երկրի երկու բարձրագույն դատարանների միջև աննախադեպ բախումից, հայտնում է Reuters-ը։
Դատարանների միջև աննախադեպ առճակատումն այս շաբաթ օրենքի գերակայության շուրջ բանավեճ առաջացրեց, երբ Վճռաբեկ դատարանը մերժեց կատարել Սահմանադրական դատարանի որոշումը բանտարկված պատգամավորի նկատմամբ և քրեական գործ հարուցեց Գերագույն դատարանի դատավորների դեմ:
«Դժվար չէ իրավաբանական միջոցներ ձեռնարկել (Սահմանադրական դատարան) անհատական բողոքների վերաբերյալ, – Սաուդյան Արաբիայից վերադառնալիս լրագրողներին է ասել Էրդողանը:- Բայց անհատական հայտերի վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների ավարտից հետո աշխատանքը չի ավարտվում»։
Խոսքը վերաբերում է անցյալ ամիս Սահմանադրական դատարանի ընդունած որոշմանը, ըստ որի՝ բանտարկված խորհրդարանական Ջան Աթալայը պետք է ազատ արձակվի:
47-ամյա Աթալայը անցյալ տարի դատապարտվել է 18 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ մեղավոր է ճանաչվել 2013 թվականին թուրք բարերար Օսման Քավալայի և վեց այլ անձանց հետ համազգային ցույցեր կազմակերպելու միջոցով կառավարությունը տապալելու փորձի մեջ։
Բոլոր ամբաստանյալները հերքել են բողոքի ցույցերի հետ կապված մեղադրանքները, որոնք, ըստ նրանց, զարգացել են ինքնաբուխ և դարձել Էրդողանի համար ամենամեծ ժողովրդական մարտահրավերը նրա իշխանության ավելի քան երկու տասնամյակի ընթացքում:
Ի պատասխան Սահմանադրական դատարանի որոշման՝ Վճռաբեկ դատարանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի որոշումը հակասահմանադրական է։
Ուրբաթ երեկոյան տարածված հայտարարության մեջ Վճռաբեկ դատարանը՝ երկրի բարձրագույն վերաքննիչ դատարանը, մեղադրել է Սահմանադրական դատարանին՝ անհատական դիմումների վերաբերյալ իր որոշումներով իրավական համակարգը քաոսի մեջ գցելու մեջ։
Ի նշան բողոքի Վճռաբեկ դատարանի դիրքորոշման դեմ՝ հինգշաբթի օրվանից հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավորները նստացույց են անում։
Էրդողանն ասել է, որ ինքը չի լինելու հակամարտության կողմ, այլ հանդես է գալու միջնորդ դատավորի դերում։ Նա ասել է, որ բախումը ցույց է տալիս նոր սահմանադրության անհրաժեշտությունը, որն արտացոլում է իր երկարամյա դիրքորոշումն առ այն, որ խորհրդարանը պետք է հարցը քննարկի հաջորդ տարի: