Ոչ պատշաճ մատուցված ծառայության դիմաց ճանապարհները սպասարկող կապալառու ընկերությունները չեն վճարվելու. Նախարար

ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։

Ինչպես  տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից՝ օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու միջոցառման շրջանակներում իրականացվող աշխատանքներին։

Նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում, համագործակցելով գործընկեր գերատեսչությունների հետ, գույքագրել յուրաքանչյուր մարզին բաժին ընկնող դպրոցների և մանկապարտեզների անվանացանկը և ամենօրյա ռեժիմով վերահսկել տվյալ օբյեկտների նախագծման, մրցույթների անցկացման, շինարարական աշխատանքների կազմակերպման և որակի հսկողության ողջ շղթան:

Անդրադարձ է կատարվել մյուս մարզերում ևս միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքներին։

Հաջորդիվ նախարարը մարզպետներին է ներկայացրել սուբվենցիաների տրամադրման կարգում կատարված վերջին փոփոխությունները և հանձնարարել է հասցեական աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների հետ, որպեսզի վերջիններս առաջիկա սուբվենցիոն հայտերը ներկայացվեն ըստ փոփոխված առաջնահերթությունների։

Նախարարը հանձնարարել է նաև գործուն քայլեր ձեռնարկել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման ուղղությամբ։

Անդրադարձ է կատարվել նաև ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և շահագործման աշխատանքներին։

Նախարարը հանձնարարել է առաջիկա ձմեռային սպասարկման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների մասնակցությամբ մարզպետների աշխատակազմերում քննարկումներ կազմակերպել ճանապարհները սպասարկող կապալառու ընկերությունների հետ։

Նախարար Սանոսյանը ևս մեկ անգամ հիշեցրել է՝ ոչ պատշաճ մատուցված ծառայության դիմաց ճանապարհները սպասարկող կապալառու ընկերությունները չեն վճարվելու։

Spread the love