Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրումն անհրաժեշտ է երկարացնել։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 14-ին ասել է ներքին գործերի նախարարության պետական միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը։
Դա կտեւի մինչեւ կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրումը։ Նրա խոսքով՝ 2017թ. լեհական ընկերության հետ պայմանագրի ժամկետը մոտեցել է ավարտին, այն զբաղվել է հայկական կենսաչափական անձնագրերի եւ ID-քարտերի արտադրմամբ եւ սպասարկմամբ։ Դրանից հետո սկսվել է նոր եւ ավելի ժամանակակից պահանջներին համապատասխանող անձնագրերի պատրաստումը։
Այդ աշխատանքին զուգահեռ պարբերաբար երկարացվել է հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը։
Ծառայության ղեկավարը նշել է, որ կառավարությունը որոշել է լիովին անցնել կենսաչափական անձնագրերի համակարգին։ «Նա որոշել է ավելի մասշտաբային բարեփոխումներ իրականացնել եւ կազմակերպել նոր մրցույթ, որը կնախատեսեր նոր արդիականացված համակարգի ներդնում ինչպես Հայաստանի քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրացիներին ու փախստականներին փաստաթղթեր տրամադրելու համար»,- ասել է Ղազարյանը։
Նոր լրացումները նախատեսում են նաեւ հին անձնագրերի եւ ID-քարտերի տրամադրման ժամկետի երկարացում մինչեւ նոր համակարգի ներդնումը՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում։
Օրինագիծն առաջացրել է դժգոհություն ինչպես խորհրդարանական ընդդիմության, այնպես էլ գործող իշխանությունների ներկայացուցիչների շրջանում։
«Սա մեծ խնդիր է։ Եվ ես արդեն չեմ խոսում այն մասին, թե ինչ է տեղի ունենում օդանավակայաններում։ Անձնագրով մոտենում ես, եւ յուրաքանչյուր երկրորդ երկրում այն վերցնում են, ինչ-որ տեղ գնում, բացում ու փորձում պարզել։ Այդ պահին անգամ ամոթ ես զգում հայտարարել այն մասին, որ պաշտոնատար անձ ես։ Դիվանագիտական անձնագրերը նույն վիճակում են։ Արդեն համարյա թե 2024 թվականն է, իսկ մենք դեռ այսպիսի վիճակում ենք։ Սա պետք է լուծել առաջին հերթին»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։