Պաղեստինյան «Համաս» արմատական շարժումը և Իսրայելը շարունակում են բանակցությունները՝ Գազայի հատվածում մարդասիրական հրադադարը վերսկսելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։
«Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ պաղեստինյան և իսրայելական կողմերի միջև բանակցությունները շարունակվում են՝ հրադադարը վերականգնելու նպատակով», – ասվում է X սոցիալական ցանցում գերատեսչության հայտարարության մեջ: Այն ընդգծում է, որ Կատարն իր գործընկերների հետ միասին «հանձնառու է շարունակել ջանքերը, որոնք հանգեցրել են մարդասիրական զինադադարին» և կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրա վերսկսման համար։
Միաժամանակ, Կատարի ԱԳՆ-ն նշել է, որ հրադադարի ավարտից հետո առաջին ժամերին իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի վրա հարձակումների վերսկսումը բարդացնում է հակամարտող կողմերի միջնորդությունը։ «Նախարարությունն ընդգծում է, որ հրադադարի ավարտից հետո առաջին ժամերին Գազայի հատվածի շարունակվող ռմբակոծումը բարդացնում է միջնորդական ջանքերը և խորացնում հումանիտար աղետը», – ասվում է հաղորդագրությունում։ Կատարի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել «արագ գործել՝ դադարեցնելու մարտերը»։
Գերատեսչությունը կրկին դատապարտել է քաղաքացիական անձանց վրա հարձակումները, կոլեկտիվ պատժի պրակտիկան, ինչպես նաև Գազայի հատվածի բնակիչներին բռնի տեղահանելու փորձերը։ Կատարի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է անհապաղ հրադադար հաստատել անկլավում և ապահովել մարդասիրական օգնության անխափան և շարունակական մատակարարում։