Վարչապետին է ներկայացվել Ֆինանսների նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը:

Վարչապետը քննարկման սկզբում նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից տրվում է գերատեսչությունների 2023 թվականին կատարված աշխատանքների ամփոփումների մեկնարկը:

Զեկույցներով հանդես են եկել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՖՆ տեղակալները և գլխավոր քարտուղարը:

Անդրադառնալով իրականացված ծրագրերին՝ նշվել է, որ մակրոտնտեսական կանխատեսումներում բարձրացվել է սցենարային վերլուծության դերակատարումը: Ներկա տուրբուլենտության պայմաններում մշակվել են այլընտրանքային մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակներ, որոնց հիման վրա ձևավորվել են բյուջեի պահուստները, գնահատվել է տնտեսական աճի թիրախի ապահովման համար անհրաժեշտ ճանապարհը՝ ներառյալ անհրաժեշտ ներդրումների և արտահանման ծավալները, կառուցվածքային բարեփոխումների առանցքային ուղղությունները՝ հանրային կառավարման բարեփոխումներ, թվայնացում և պետական ներդրումների կառավարման համակարգ: Կատարելագործվել է հարկային եկամուտների կանխատեսման համակարգը՝ համալրելով դրանք ժամանակակից մոդելներով, որը թույլ է տվել 2024թ. բյուջեի ուղերձում հրապարակել խոշոր հարկերի կանխատեսումները:

Ներկայացվել են վերլուծություններ և կանխատեսումներ, որոնց համաձայն Կառավարության 7 % տնտեսական աճի թիրախին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել թիրախային կառուցվածքային քաղաքականություն, ինչը կխթանի մասնավոր ներդրումները և արտահանումը՝ բարձրացնելով արտադրողականությունը:

Անցնող տարվա ընթացքում վերագնահատվել են ՀՀ տնտեսության համար օպտիմալ պարտքի շեմերը և դրամային պարտքի մասնաբաժնի բարելավման օպտիմալ արագությունը: Մշակվել է հարկային պոտենցիալի գնահատման մեթոդաբանությունը և գնահատվել են խոշոր հարկատեսակների գծով հարկային պոտենցիալն ու ճեղքը: Գնահատվել են կառավարության ծրագրի առանցքային միջոցառումների իրականացման սոցիալ-տնտեսական հետևանքները:

Իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության ինտեգրման ազդեցությունների գնահատում:

Ներկայացնելով առաջիկա ծրագրերը նշվել է, որ միջնաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումների համակարգի բարելավման նպատակով կմշակվի նոր համապարփակ գործիք: Հարկային եկամուտների կանխատեսումների համակարգը կհամալրվի նոր գործիքներով՝ տարբեր փուլերում մշակված մոդելների ներդաշնակեցմամբ: Նախատեսվում է նաև ֆիսկալ ռիսկերի կառավարման համապարփակ մեթոդաբանության և հաշվետվության ներդրում, հատվածային և առանձին խնդիրներին նվիրված վերլուծությունների և ախտորոշումների շարունակական իրականացում, այդ թվում`ԼՂ բռնի տեղահանված բնակչության ինտեգրման ծրագրերի ազդեցությունների գնահատում, տնտեսության ներուժի գնահատման նոր համակարգի մշակում:

Կիրականացվեն նաև աշխատանքներ՝ տոկոսադրույքների նվազման ֆոնին միջնաժամկետ պարտատոմսերի կշռի ավելացման ուղղությամբ: Նախատեսվում է նաև

Եվրոբոնդերի մասնակի հետգնում, վերաֆինանսավորման և փոխարժեքի ռիսկերի նվազեցում:

Միջազգային կառույցների հետ համագործակցության հասցեականության բարձրացման նպատակով նախատեսվում է աջակցության  ներգրավում՝ ուղղված մակրոտնտեսական կայունության ապահովմանը, կայուն և ներառական տնտեսական աճի խթանմանը, առանցքային ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Կիրականացվեն նաև կարողությունների զարգացմանը,  փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքներ:

Համաշխարհային ֆինանսական շուկայում ՀՀ դիրքի ամրապնդման, վարկանիշի բարձրացման նպատակով իրականացվել են միջոցառումներ և արձանագրվել են հետևյալ արդյունքները. 2023թ. ընթացքում  «Fitch» և «Standard and Poor’s» գործակալությունների կողմից ՀՀ սուվերեն վարկանիշի բարձրացում՝ մեկ աստիճանով և վարկանիշի հեռանկարի բարելավում «Moody’s» գործակալության կողմից, միջազգային հարթակներում ՀՀ պատշաճ ներկայացվածության ապահովում, միջազգային ֆինանսական աշխարհում ՀՀ վարկանիշի ամրապնդում, վարկանիշի բարձրացում:

Միջազգային համագործակցության համակարգի բարելավման ուղղությամբ, մասնավորապես, նախատեսվում է Երևանում կազմակերպել  ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի 2024թ. տարեկան հանդիպում և գործարար համաժողովը: Միջազգային գործընկերների մասնակցությամբ կկազմակերպվեն  միջոցառումներ՝ դոնոր համաժողովներ, երկկողմ գործընկերների հետ կոնֆերանսներ և փորձի փոխանակման միջոցառումներ:

Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին՝ նշվել է, որ նախատեսվում է համայնքներին ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման մեխանիզմների սահմանում. 2024թ. սկսած ՀՀ համայնքներին սուբվենցիաները կտրամադրվեն մասնակցային հիմունքներով ձևավորված ծրագրերի իրականացման համար (2024թ՝ 500 մլն դրամ): Մասնակցային հիմունքներով ձևավորված ծրագրերի համար սուբվենցիաներ կհատկացվեն 4 համայնքների:

Նշվել է, որ եկամուտների քաղաքականության նպատակադրումներից են՝ Կառավարության ծրագրով նախատեսված՝ 25 տոկոս Հարկեր/ՀՆԱ ծրագրային ցուցանիշի՝ քաղաքականության բաղադրիչի ապահովում՝ զուգահեռաբար ապահովելով նպաստավոր ներդրումային և գործարար միջավայր: Ակնկալվում է 2024թ. ընթացքում կատարվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մինչև 2026թ. 0.75 տոկոսային կետով բարելավող օրենսդրական կարգավորումների ապահովում, հարկման համակարգերի կատարելագործում, այդ թվում՝ հարկման անհավասարության մեղմում, հարկումից խուսափելու հնարավորությունների վերացում:

Զեկուցվել է, որ լրացուցիչ հարկային եկամուտների ապահովման շրջանակում իրականացվել է, մասնավորապես, ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացում 2024-2026թթ. համար: Գործարար միջավայրի բարելավման շրջանակում կբարելավվի  գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսավարող սուբյեկտների հարկային միջավայրը:

Հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Վերջինիս ներդրման ապահովման նպատակով իրականացվել է սոցիալական ծախսերի առանձին տեսակների և չափերի սահմանում:

Նշվել է, որ կատարվել են գնումների համակարգի արագության և որակի արդյունավետ հավասարակշռությանն ուղղված աշխատանքներ: Տարվա ընթացքում մեթոդական աջակցություն է ցուցաբերվել 1540 գործընթացի, բարեփոխվել է մեկ անձից գնման ընթացակարգը և այլն: Կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստվել է 614 մասնագետ գերատեսչությունների պատասխանատու ստորաբաժանումներից: Արդյունքում՝ էական նվազեցում է արձանագրվել հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումներ կատարելու դեպքում: 2023 թվականի հունվար- հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 4 տոկոսով:

Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է թվային համակարգի կատարելագործում, կարողությունների զարգացում, վերլուծական գործիքակազմի զարգացում: Ինչ վերաբերում է ֆիսկալ ռիսկերի կառավարմանը, այստեղ իրականացվել է պատասխանատու ստորաբաժանման վերակազմավորում, սահմանվել են ֆիսկալ ռիսկերի առաջնային ուղղությունները: Նախատեսվում է շարունակել վերլուծական կարողությունների և գործիքակազմի զարգացումը, երկարաժամկետ ֆիսկալ կայունության գնահատումը և այլն:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կատարված աշխատանքների ու բարեփոխումների կարևորությունը ու նախարարության աշխատակազմի ուշադրությունը հրավիրել մի շարք առանցքային թեմաների վրա: Մասնավորապես, վարչապետն անդրադարձել է սուբվենցիոն ծրագրերին, հարկային քաղաքականությանը, ստվերի դեմ պայքարին, կապիտալի շուկայի զարգացմանը, միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանի դիրքի շարունակական բարելավմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրերի իրականացմանը և այլ թեմաների: Վարչապետը կարևորել է վերը նշված ուղղություններով աշխատանքների արդյունավետ և հետևողական իրականացումը, հանձնարարականներ տվել պատասխանատուներին հետագա անելիքների վերաբերյալ:

Spread the love