Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կոչ են արել ճնշում գործադրել Իսրայելի վրա

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են Իսրայելի ռեժիմի վրա ճնշում գործադրելու և Գազայի հատվածի վրա հարձակումը դադարեցնելու նպատակով դիվանագիտական ջանքերի զարգացման անհրաժեշտության մասին, գրում է Mehr-ը։

Դեկտեմբրի 11-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափում զարգացող իրադարձությունները։

Իրանի ԱԳ նախարարը Միացյալ Նահանգների կողմից իսրայելական ռեժիմին ցուցաբերվող համակողմանի աջակցությունն անվանել է «հիմնարար գործոն, որը նրան հնարավորություն է տալիս շարունակել իր պատերազմական հանցագործությունները, և կոչ է արել վերջ դնել վայրագություններին և ցեղասպանությանը, ինչպես նաև փրկարարական գործողություններ իրականացնել պատերազմից տուժած Գազայում»:

Ամիր Աբդոլլահիանը կարևորել է նաև Թեհրանի և Անկարայի միջև փոխադարձ կապերի զարգացումը, ինչպես նաև երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպումը:

Ֆիդանն, իր հերթին, մատնանշել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների առաջիկա ութերորդ գագաթնաժողովը՝ գովաբանելով Գազայում զինադադարի հաստատմանն ուղղված Իրանի դիվանագիտական ջանքերը:

Spread the love