ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ ցանկացած միջամտություն Ռուսաստանի գործերին խստորեն կկասեցվի։ Այս մասին նա ասել է դեկտեմբերի 15-ին Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հայտնում է «Известия»-ն։
«Մենք պաշտպանելու ենք մեր ժողովրդի ազատությունը, նրա ինքնիշխանությունը և ապագան ընտրելու իրավունքը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ միայն Ռուսաստանի ժողովուրդն է երկրում իշխանության միակ աղբյուրը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ընտրություններում քվեարկությունը պետք է տեղի ունենա թափանցիկ, օրինական և ազնիվ, ժողովրդավարական ընթացակարգերին լիովին համապատասխան։
Նախագահը նաև նշել է, որ նախընտրական շրջանում Ռուսաստանի Դաշնության բոլոր կուսակցությունների համար գլխավորը պետք է լինի ազգային հիմնարար շահերի խորը գիտակցումն ու պատասխանատվությունը ժողովրդի առաջ։
«Առաջիկա նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական կուսակցություններն ու խմբակցություններն, այսպես թե այնպես, կորոշեն իրենց դիրքորոշումը։ Միևնույն ժամանակ, բոլորի համար գլխավորը համարում եմ ազգային հիմնարար շահերի խորը գիտակցումը, ժողովրդի, մեր երկրի և նրա ապագայի հանդեպ ունեցած պատասխանատվությունը»,- ասել է նա։