Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ու սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարություններին։
«Մենք սերտ կապի մեջ ենք եղել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ՝ առանց հոգնելու կրկնելով մեր աջակցությունը երկու երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հիմնախնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն։ Մեր հաղորդակցության ուղիները մնում են բաց։
ԵՄ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները Ադրբեջանին հստակ ուղերձներ հաղորդելու, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների վրա։
Մենք մնում ենք հաստատուն այս դիրքորոշման մեջ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շարունակում են իրենց ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատման համար», – ասել է Ստանոն։