Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Մանվել Շահվերդյանը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ մակագրումը տեղի է ունեցել երեկ։
Նշենք, որ քրեական գործերի մակագրումը տեւական ժամանակ իրականացնում է դատարանի նախագահը՝ ձեռքով։
Այդ առնչությամբ փաստաբանը նշեց, որ մակագրումը դատավոր Շահվերդյանին չի կարող դիտարկել օբյեկտիվ։
«Ոնց կարո՞ղ է օբյեկտիվ լինել։ Իզուր չի ներդրվել այդ համակարգը։ Չենք կարող խոսել օբյեկտիվության մասին»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԶՈւ եւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» եւ «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված եւ ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։ Պարզվել է նաեւ, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու եւ իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։
Նշված քրեական գործն ըստ մեղադրանքի` Դավիթ Էդգարի Տոնոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Մաթեւոսի Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Ռոբերտի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Վալոդյայի Մուրադյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Արտաշի Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Եգորի Համբարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Վարազդատի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով, 2022 թվականի հունվարի 07-ին ըստ էության քննելու համար հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:


Spread the love