Երբ ՊՆ-ն չի հայտարարում կոնկրետ մահվան դեպքի մասին, այդ տեղեկություններն ի հայտ են գալիս այլ աղբյուրներից. ՄԻՊ

Հունվարի 9-ին եւ 13-ին զինծառայողների մահվան դեպքերի հետ կապված ՄԻՊ-ում սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը:

«Մենք արդեն պաշտոնական պարզաբանումներ ենք պահանջել եւ ՊՆ-ից, եւ գլխավոր դատախազությունից:

Բենիամին Մանուչարյանի դեպքի հետ կապված (ընկել էր ձնահյուսի մեջ եւ մահացել-խմբ) եւս ՄԻՊ-ը եւ ՊՆ-ից, եւ դատախազությունից պարզաբանումներ է պահանջել մի քանի ուղղություններով: Նախ, ուզում ենք հասկանալ՝ ծառայողական քննությամբ ինչ է պարզվել, քրեական վարույթի շրջանակներում ինչ տեղեկություններ են հայտնի, արդյոք զինծառայողը տեղաշարժվել է միայնակ, թե այլ զինծառայողների հետ, ինչ բնույթի որոնողական աշխատանքներ են իրականացվել:

Շատ կարեւոր է ունենալ մահվան եւ ինքնավնասման դեպքերը կանխարգելելու միասնական հայեցակարգ, ծրագիր, քայլերի հերթականություն, ինչը չկա:

հաջորդ կարեւոր բաղադրիչը արդյունավետ քննությունն է եւ հանրային իրազեկվածությունը:  Պետք է հարազատները մաքսիմալ տեղեկացված լինեն՝ ինչպիսին վարույթ է ընթանում»,-ասաց նա:

Անդրադառնալով չհայտարարված մահվան դեպքերին, նա ասաց. «Երբ իրավասու մարմինը ուշ է հայտարարում, կամ չի հայտարարում կոնկրետ մահվան դեպքի մասին, նշված տեղեկություններն ի հայտ են գալիս այլ աղբյուրներից: Որոշ դեպքերում ինֆորմացիան լինում է ճիշտ, որոշ դեպքերում՝ սխալ: Դրա համար պետք է ՊՆ-ն շտապ հանդես գա հաղորդագրությամբ»:

Spread the love