Կապիտոլիումի բլրի երկու կուսակցությունների իսրայելամետ «բազե օրենսդիրները» ահազանգում են, որ կորցնում են վստահությունը վարչապետ Բենիամին Նաթանյահուի և ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի նրա ղեկավարման նկատմամբ, հայտնում է NBC News-ը։
Այն դեպքում, երբ առաջադեմ օրենսդիրները մշտապես քննադատել են Նաթանյահուին և Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, որոնք հողին են հավասարեցրել շենքերը և սպանել հազարավոր պաղեստինցի խաղաղ բնակիչների, կարևոր է, որ իսրայելամետ օրենսդիրները, որոնք ծառայում են ազգային անվտանգության կարևորագույն հանձնաժողովներում, այժմ, թեև անաղմուկ, բայց հիասթափություն են հայտնում Նաթանյահուի ղեկավարության առիթով։
Երեք օրենսդիր, որոնք զրուցել են NBC News-ի հետ, ասել են, որ իրենք նույնիսկ կասկածում են, թե արդյոք 74-ամյա վարչապետը Գազայում արյունալի պատերազմն ավարտելու ռազմավարություն ունի, և ենթադրում են, վստահությունը կորցրած Նաթանյահուն կարող է միտումնավոր փորձել երկարացնել այն, որպեսզի մնա իշխանության:
«Իսկապես դժվար է պաշտպանել Բիբիին կամ արդարացնել նրա քաղաքական ռազմավարությունն այս ամենում, – ասում է Ներկայացուցիչների պալատի հանրապետականներից մեկը, որը զբաղվում է ազգային անվտանգության հարցերով: – Անձնական տեսանկյունից, կարծում եմ, որ նրա համար ձեռնտու է ներգրավված լինել հակամարտության մեջ՝ լինի դա «Հեզբոլլահի» հետ, թե Գազայում։ Ցանկացած տիպի զինադադար կամ խաղաղության համաձայնագիր կամ վերականգնման ջանքեր կամ շարքից դուրս գալը քաղաքականապես վնասում է նրան, և ես կարծում եմ, որ դա ազդում է նրա գործողությունների վրա»:
«Իրական անվստահություն կա, իրական հարցեր կան նրա ղեկավարելու ունակության վերաբերյալ, և, ըստ իս, նա ժողովրդականություն չի վայելում: Դա երևում է նրա գրասենյակում, նրա կոալիցիայի ներսում, բանակում, ներքին կյանքում: Եվ ես կարծում եմ, որ դա առաջնահերթություն է այստեղ՝ ԱՄՆ-ում քաղաքականություն մշակողների համար՝ ազգային անվտանգության տեսանկյունից»,- հավելել է հանրապետականը:
Իր հերթին, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ օրենսդիրը, որը Ներքին անվտանգության կոմիտեի անդամ է, համաձայնել է այս գնահատականի հետ՝ Նաթանյահուին անվանելով «աղետ» և ասելով, որ ինքը խորապես մտահոգված է, որ այս ռազմական արշավը կարող է վերածվել շատ ավելի մեծաթիվ քաղաքացիական զոհերով «անվերջ պատերազմի»::
«Իսրայելի կառավարությունն, ըստ երևույթին, անհասանելի առաքելություն է դրել Իսրայելի պաշտպանության բանակի ուսերին, այն է՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը։ Եվ եթե դա այն առաքելությունն է, որը նրանք ակնկալում են Իսրայելի պաշտպանության բանակից, ապա դա կլինի անվերջ պատերազմ,- ասել է նա։- Իսկ այդ ընթացքում անթիվ անմեղ մարդիկ կսպանվեն և անընդունելի ավերածություններ կլինեն»: