Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ հանրապետության դեմ սադրանքների համար արեւմտյան երկրները հատուկ ջոկատներ են պատրաստում, գրել է ԲելՏԱ-ն։
Քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է 2024թ. պետական սահմանի պահպանության մասին որոշումների հաստատման ժամանակ։ Նրա խոսքով՝ այդ որոշումներն անհրաժեշտ են «հատուկ իրավիճակի» պատճառով։
«Հարավում պատերազմ է (ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը), արեւմուտքում՝ Լեհաստան, Լիտվա, բալթյան պետություններ, ինչն ավելի վատ է։ Ընդգծում եմ՝ շատ ավելի վատ է։ Այնտեղ պատրաստվում են համապատասխան ջոկատներ, զորահրամանատարները որոշված են»,- ասել է Բելառուսիի նախագահը։
Անցած շաբաթ Լուկաշենկոն նշել էր, որ Բելառուսն արդեն լիովին ինքնուրույն արտադրում է ոչ միայն «Պոլոնեզ» հրթիռային համալիրներ, այլեւ դրանց զինամթերքները։