Երեկ մենք խոսել ենք ճանապարհների թերությունների վերացման մասին, նախ պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում թերություն վերացնել։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ենթադրենք ճանապարհը կառուցվել է, երեք կամ վեց ամիս հետո փոս է հայտնվել այնտեղ: Շինարարն ասում է՝ կգնամ, թերությունը կվերացնեմ։ Հինգ օրից ուրիշ տեղ էլ է փոս առաջանում, ասում է՝ կգնամ, դա էլ կվերացնեմ, 7 օրից էլի ու մենք ճանապարհների փոխարեն ունենում ենք կարկատանների մի հավաքածու։ Սա անընդունելի է»,- ասաց Փաշինյանը։
Վերջինս խոսեց Հայաստանում շինարարության թերությունների վերացման մշակույթի մասին. «Այդ կուլտուրան շատ կասկածելի է, որովհետև միևնույն է այդ փոսը լցնելը ճանապարհի հարթությունից կամ բարձր է լինելու, կամ ցածր։
Ենթադրենք կապալառուն ճանապարհ է կառուցում, որն ինչ-որ տեղ ավարտվում է, ու այդ տեղում հաջորդ կապալառուն է շարունակում: Հայաստանում չկա մի կետ, որտեղ դու երթևեկելիս չզգաս, որ շինարարը փոխվեց: Չեմ չափազանցնում, տեղ-տեղ, որ մի քիչ ուշադիր լինես կարող ես անուն-ազգանունով ասել՝ ո՞ր շինարարն է, մյուսը՝ որը։ Սա խնդիր է ու այդ խնդիրը մի օր պայթելու է»,- ասց նա: