58 տարեկանում հանկարծամահ է եղել «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան, հասարական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։
Ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի ԽՍՀ Ախալցխա քաղաքում։
Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։ Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Բերձորի, Քարվաճառի ազատագրական մարտերին։
1994-1996 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության առանձին գումարտակում։ 1995-1996 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի մարշալ Շապոշնիկովի անվան դաշտային Ռազմական ակադեմիան՝ ստանալով գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում։ 1996 թվականին զորացրվել է ՀՀ ԶՈՒ շարքերից։
Երկար տարիներ պարել է «Վան» և «Ակունք» ազգագրական պարի համույթներում, զբաղվել բանահավաքչական գործունեությամբ, հիմնադրել և ղեկավար «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։