Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատարներից Մալխաս Ամոյանը երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Աշխարհի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի եզրափակիչում գոտեմարտեց Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն թուրք Յուսուն Էմրե Բաշարի հետ:
Առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց թուրք ըմբիշին: Մալխաս Ամոյանին հաջողվեց պարտերից պոկել մրցակցին գորգից, բայց չգլորեց: Հայաստանի հավաքականի մարզիչները բողոքարկեցին: Մրցավարները բավարարեցին եւ հաշիվը դարձրին 2:0: Երկրորդ մրցափուլում Ամոյանը հաշիվը դարձրեց 6:0: Բաշարը բողոքարկեց, բայց մրցավարները չբավարարեցին: Հաշիվը դարձավ 7:0: Գոտեմարտի ավարտից 30 վայրկյան առաջ թուրք ըմբիշն արդեն հանձնվել էր եւ այլեւս չէր պայքարում:
Ամոյանն ու Բաշարը նախորդ անգամ հանդիպել էին 2023 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում, որտեղ Եվրոպայի եռակի չեմպիոնը 6:1 հաշվով հաղթել էր թուրք ըմբիշին:
Մալխաս Ամոյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Իտալիայի ներկայացուցիչ Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով պարտության էր մատնել ռուսաստանցի Ադլետ Տյուլուբաեւին: Կիսաեզրափակիչի 2:1 հաշվով առավելության էր հասել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ:
24-ամյա Ամոյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել նաեւ 2022 եւ 2023 թվականներին:
2023 թվականի սեպտեմբերի 22-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում Ամոյանը երկրորդ անգամ դարձավ բրոնզե մեդալակիր եւ նվաճեց իր մարզական կարիերայի առաջին Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Մալխաս Ամոյանը 24 տարեկան է: Ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին Երեւանում: 72 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է, 77 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր է, աշխարհի Մ23 չեմպիոն է: Ամոյանը Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի եղբորորդին է: