Հայաստանում այս կամ այն գործիչների պատվավոր կոչումները պետք է հանվեն, քանի որ այդ մոտեցումը կորցրել է իր ակտուալությունը։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի երկրորդ եւ վերջնական ընթերցման եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, փետրվարի 20-ին ասել է արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։
Խոսքը ընդհանուր առմամբ մոտ 1 100 մարդու մասին է։ Արված առաջարկները կրում են զուտ տեխնիկական բնույթ։ Այդ կոչումները, փոխնախարարի կարծիքով, ոչ մի կապ չունեն պրոֆեսիոնալ աճի հետ։ «Շատ երկրներում նման կոչումներ չկան, իսկ մասնագետների եւ մշակույթի գործիչների խրախուսումները հենվում են գործունեության կոնկրետ արդյունքների վրա»,- բացատրել է Հարությունյանը։
Նախագծի աշխատանքին մասնակցել են ինչպես կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, այնպես էլ առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունները, քաղաքաշինության կոմիտեն։ Նշված գերատեսչությունները պաշտպանել են անհատական հիմքով կոչումները հանելու վերաբերյալ փաստարկները։
Իշխանությունները, նրանց հավաստիացմամբ, մտադիր են մշակել խրախուսման ավելի ժամանակակից մեթոդներ։ Արդեն Ժողովրդականի կամ Վաստակավորի կոչում ունեցող գործիչները կպահպանեն դրանք, ինչպես նաեւ հատկացվող հավելավճարները։
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը քննադատել է այս օրենսդրական նախաձեռնությունը։ Նրա խոսքով՝ իշխանությունները, փաստորեն, փորձում են քանդել արդեն գոյություն ունեցող համակարգը՝ ոչ մի նոր բան չառաջարկելով։ «Մենք կտրականապես դեմ ենք այդ մոտեցմանը»,- ընդգծել է խորհրդարանականը։
Երկրում այսօրվա դրությամբ գործում է 17 պատվավոր կոչում։ Օրինակ, Ժողովրդական արտիստ, Վաստակավոր արտիստ, լրագրող, մշակույթի գործիչ, տնտեսական ոլորտի աշխատող։ Դրանք բոլորը հանվում են։ Մնում է միայն «Վաստակավոր կոլեկտիվ» կոչումը։
Նշենք, որ Հայաստանում պատվավոր կոչում ունեցող այս կամ այն գործիչը ամսական ստանում է 40 հազար դրամ հավելավճար։
Որոշ քննարկումներից հետո խորհրդարանական մշտական հանձնաժողովը դական եզրակացություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը։