Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լուրջ չի վերաբերվում հրադադարի համաձայնության ձեռքբերմանն ու պատանդների եւ պաղեստինցի բանտարկյալների փոխանակմանը։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ղեկավարի տեղակալ Հալիլ ալ-Հայան Al Jazeera հեռուստաալիքի հարցազրույցում։
«Նեթանյահուն լուրջ չի վերաբերվում համաձայնության ձեռքբերմանը, որը վերջ կդներ ագրեսիային, թույլ կտար օգնություն ցուցաբերել պաղեստինցի ժողովրդին եւ կավարտեր Գազայի օկուպացիան, որն ընթանում է արդեն չորս ամիս, որպեսզի խաղաղությունը վերադառնար տարածաշրջան»,- նրա խոսքերը մեջբերվել են ՀԱՄԱՍ-ի Թելեգրամ-ալիքում։ Ալ-Հայան ավելացրել է, որ, իր կարծիքով, Նեթանյահուն «ցանկանում է շարունակել մարտերը բացառապես հանուն սեփական վրեժի բավարարման»։ Շարժման ղեկավարի տեղակալը հավաստիացրել է, որ Իսրայելի վարչապետը «վախենում է պատերազմի ավարտվելու հետեւանքներից։
Ալ-Հայան նաեւ նշել է, որ «այն ժամանակ, երբ ՀԱՄԱՍ-ը պատանդներին կերակրում էր նրանով, ինչ ուտում էին Գազայի բնակիչները, եւ նրանց հագուստ էր տալիս ու դեղեր», իսրայելական ռազմական ինքնաթիռները շարունակում էին հարվածներ հասցնել անկլավին՝ վտանգի ենթարկելով ոչ միայն քաղաքացիների, այլեւ Գազայում պահվող պատանդների կյանքը։