Եգիպտոսի եւ Կատարի պաշտոնյաներն անհանգստանում են, որ Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ համաձայնությունը պատանդների փոխանակման մասին կարող է խափանվել, քանի որ շարժման առաջնորդ Յահյա Սինվարը կապի մեջ չի մտնում։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Պարբերականի տեղեկացմամբ՝ Սինվարի հետ չեն կարողանում կապ հաստատել արդեն մեկ շաբաթ։ Նրա վերջին հաղորդման մեջ, որն ստացել էր ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը Կատարում, ասված է, որ գործարքի իրականացման հարցում չարժե շտապել։ Դա կասկածի տակ է դնում պատանդների հնարավոր փոխանակումը եւ դադարը մարտական գործողություններում, գրել է թերթը։
Պարբերականը նշել է, որ Իսրայելը այն կարծիքին է, որ պաղեստինյան շարժման առաջնորդը չի ձգտում հրադադարի Ռամադան ամսվա ընթացքում, որն այս տարի սկսվում է մարտի 11-ին եւ ավարտվում ապրիլի 9-ի երեկոյան։ Սինվարը, ինչպես նշել են թերթի աղբյուրները, նախընտրում է ուժեղացնել լարվածությունը տարածաշրջանում։ Մասնավորապես, շարժման առաջնորդը ենթադրություն է հայտնել, որ Իսրայելի հնարավոր ներխուժումը Ռաֆահ քաղաք Եգիպտոսի հետ Գազայի սահմանին պաղեստինցիներին կստիպի ապստամբել հրեական պետության դեմ, նշել է պարբերականը։