Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների համերգը Մարտի 22-ին՝ ժ. 19:00-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ, տեղի կունենա Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ համերգ։ 1938 թ․ Ստեփանակերտում հիմնադրված երաժշտական դպրոցում ի սկզբանե գործում էին 3՝ դաշնամուրային, լարային և թառի բաժինները, սովորում էր ընդամենը 38 աշակերտ, որը 1950-ից անվանակոչվեց Կոմիտասի անունով: 2023 թ․սեպտեմբերին՝ Արցախի բնակչության բռնի տեղահանությունից առաջ, դպրոցում գործում էին դաշնամուրային, լարային, փողային, հարվածային, ժող․գործիքների, երգեցողության բաժինները, դպրոցն ուներ 386 աշակերտ, բավարար շենքային պայմաններ, 93 բարձրակարգ, իրենց գործին նվիրված մասնագետներ և որակյալ երաժշտական գործիքներ: 2023 թ․ հունիսի 15-ին, ի հեճուկս շրջափակման դաժան պայմանների, դպրոցը պատվով ու հպարտությամբ նշեց իր գործունեության 85-ամյակը` Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպելով հոբելյանական համերգ։ Մոմերի և լապտերների լույսի ներքո դպրոցի տաղանդաշատ սաների կատարումները նույնքան հուզիչ էին, որքան պատմական անցյալում Լենինգրադի շրջափակման պայմ-աններում իրականացվող համերգները: «Մենք՝ Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի վերաբացման նախաձեռնող խմբի անդամներս, փորձում ենք պահպանել մեր սիրելի կրթօջախը՝ հուսալով ու հավատալով, որ կկարողանանք բարի մարդկանց և իրավասու կազմակերպությունների օգնությամբ վերակազմակերպել դպրոցի աշխատանքը և շարունակել շուրջ ինը տասնամյակի պատմություն և բարի համբավ ունեցող կրթօջախի կենսագրությունը: Այս համերգը նվիրված է հենց այդ նպատակին»,- ասված է նախաձեռնող խմբի տարածած հայտարարության մեջ։