Բեռլինում ԼՂ մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է. պատճառը՝ «զանգվածային արշավ միջոցառման դեմ»

Գերմանիայի Քիլի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուն (խմբագիրներ՝ Անդրեաս Մյուլլեր, Հարություն Հարությունյան, Դագմար Հելլեր և Մարտին Թամքե), որի շնորհանդեսը պետք է տեղի ունենար մարտի 6-ին Բեռլինում: monumentwatch.org կայքը գրում է, որ ադրբեջանական գրեթե բոլոր թելեգրամյան ալիքներով  շնորհանդեսը խափանելու նախաձեռնությունները, ցավոք, հաջողեցին։

Նախատեսված ամսաթվից մեկ օր առաջ՝ մարտի 5-ին, կազմակերպիչները՝ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհուրդը (DGAP) և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (KAS) չեղյալ հայտարարեցին միջոցառումը, և այն անցկացրեցին հեռավար: Պատճառը նշվում է հետևյալ կերպ. «Զանգվածային արշավ միջոցառման դեմ և էսկալացիայի վտանգ»: Չի նշվում, թե կոնկրետ ով է կազմակերպել և իրականացրել «զանգվածային արշավը գրքի շնորհանդեսի չեղարկման համար»։

Խմբագիրներ Անդրեաս Մյուլլերը, Հարություն Հարությունյանը, Դագմար Հելլերը և Մարտին Թամքեն մարտի 11-ին հայտարարություն տարածել են, որում ի մասնավորի նշվում է․ «2024 թվականի մարտի 6-ին Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհուրդը (DGAP) Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (KAS) հետ համատեղ նախատեսում էր անցկացնել մեր կողմից խմբագրված «Արցախի մշակութային ժառանգությունը. հայոց պատմությունը և նրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» հատորի շնորհանդեսը։ Միջոցառման նպատակն էր գիտական սիմպոզիումի շրջանակներում ներկայացնել գիրքը և ուշադրություն հրավիրել վտանգված հայկական մշակութային ժառանգության վրա՝ կապված Արցախից/Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթի և Ադրբեջանի կողմից տարածաշրջանի գրավման հետ: Նման վտանգը երևում է հատկապես Նախիջևանում Ադրբեջանի կառավարության կործանարար մշակութային քաղաքականության լույսի ներքո, որտեղ ոչնչացվել են հայկական մշակութային արժեքները, եկեղեցիները, վանքերը, գյուղական կառույցները և նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները:

Ադրբեջանի դեսպանատան և Ադրբեջանի ՀԿ-ների զանգվածային ճնշման պատճառով միջոցառումը չեղարկվեց և անցկացվեց թվային ձևաչափով։ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունը հորդորել է Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդին և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամին՝ զերծ մնալ ենթադրյալ կողմնակալ միջոցառումներ անցկացնելուց։ Այս պահանջն ուղեկցվել է անձնական սպառնալից նամակներով։ Ավելին, զանգվածային նամակագրության արշավ է սկսվել, որը հավանաբար կազմակերպվել է դեսպանատան կողմից, օգտագործելով նմանատիպ տեքստեր: Բացի այդ, հայտարարվեց, որ Բեռլինում միջոցառման վայրի անմիջական հարևանությամբ տեղի կունենա ադրբեջանամետ ցույց:

Որպես գրքի խմբագիրներ, մեզ խորապես անհանգստացնում է ազատական-դեմոկրատական երկրում նման կերպ հանրային գիտական միջոցառումը չեղարկելը և հնչեցվող վտանգները: Մենք վիրավորական և անհիմն ենք համարում «իսլամաֆոբ» պիտակավորումը նման սիմպոզիումի ծրագրում, որը կենտրոնանում է մշակութային ժառանգության պաշտպանության վրա: Մենք հիասթափված ենք փոքրամասնությունների մտահոգությունների և նրանց մշակութային ժառանգության պահպանման համար կարևոր իրադարձությունը պատշաճ կերպով պաշտպանելու պետական իշխանությունների կողմից պատրաստակամության բացակայությունից:

Մենք բողոքում ենք Ադրբեջանի դեսպանատան գործողությունների դեմ և կոչ ենք անում քաղաքական հայտարարություն անել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու կառույցներին։ Մենք կոչ ենք անում մեր երկրի ազատ մամուլին ընդգծել և փաստագրել օտար ինքնավար պետության կողմից խոսքի ազատությունը սահմանափակելու փորձերը։ Ընդհանուր առմամբ, մենք կոչ ենք անում Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը և միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ չնայած բոլոր խոչընդոտներին՝ պաշտպանելու Արցախ/Լեռնային Ղարաբաղում վտանգված մշակութային ժառանգությունը։

Քիլ, 11 մարտի, 2024 թ.

Պրոֆեսոր դոկտոր Անդրեաս Մյուլլեր, Քիլ

Պրոֆեսոր դոկտոր Մարտին Թամչկե, Գյոնգեն

Պրոֆեսոր Հարություն Հարությունյան, Երևան

Պրոֆեսոր Դագմար Հելլեր, Բենսհայմ»։

monumentwatch.org -ը շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Թեսսա Հոֆմանին՝ նյութերը տրամադրելու համար։

Spread the love