«ԿԳՄՍ–ն պետք է լսի երաժիշտներին. Հաստատ կլսի». Կոնսերվատորիայում վաղ առավոտից մեկնարկել է ստորագրահավաք

Այսօր՝ մարտի 13-ի առավոտից Կոնսերվատորիայում մեկնարկել է ստորագրահավաքը` ընդդեմ բուհը կառուցվելիք «ակադեմիական քաղաք» տեղափոխելու:

Սրան զուգահեռ նաեւ էլեկտրոնային ստորագրահավաք է նախաձեռնվել, որպեսզի ստորագրահավաքին կարողանան միանալ նաեւ արտերկրից:

Դասախոսներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Քանի որ դեռեւս չեն սկսկել քննարկումները, ես լուրջ չեմ ընկալում «ակադեմիական քաղաքի» գաղափարը: Շատ անորոշ է, ոչինչ հստակ չէ, չեմ կարողանում դրան լուրջ վերաբերվել, բայց որպես կանխարգելիչ միջոց միանում եմ ստորագրահավաքին»:

Օպերային թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանն էլ նշեց. «Ես շատ եմ կարեւորում, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիան լինի քաղաքի կենտրոնում, քանի որ սա մի համալիր է՝ Օպերային թատրոն, Ֆիլհարմոնիա, Սայաթ-Նովայի նվն երաժշտական դպրոց, Խորեոգրաֆիկը եւ մեր կոնսերվատորիան: Մեր դասախոսները պետք է կարողանան այս պահին այստեղ աշխատել, նաեւ կարողանալ նվագախմբերում նվագել, երգչախմբերում երգել եւ այլն: Աշխարհի լավագույն կոնսերվատորիաները գտնվում են մայրաքաղաքների կենտրոնում»:

Նա համոզմունք հայտնեց, որ եթե երաժիշտները ոտքի կանգնեն, իշխանությունները նրանց կլսեն. «Նույնը եղավ ժամանակին Օպերային թատրոնում եւ նա հաղթահարեց այդ դժվար օրերը: Երեկ դուք բոլորդ տեսաք՝ ինչ էր կատարվում Ղազարոս Սարյանի օպերային ստուդիայում, ինչքան երաժիշտներ էին հավաքված, ինչ աշխարհահռչակ դեմքեր էին այստեղ: Վստահ եմ՝ բոլորը կլսեմ ներ ձայնը»:

Spread the love