Երևանում ծառերի հատման հետ կապված բողոքի ակցիայից հետո որևէ գիտնական կարծիք, հակափաստարկ Երևանի քաղաքապետարան չի ներկայացրել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Ավելին, Ազգային ակադեմիայում նախաձեռնվել էր քննարկում, որին մասնակցել են տարբեր գերատեսչություններ։ Հիմնական միտքը, որ հնչեցվել է այնտեղ, այն է եղել, որ Երևանից թեղիները պետք է հանվեն»,–ասաց Բեգոյանը:
Նրա խոսքով` թեղիների փոխարինումը կտևի 10-20 տարի՝ հաշվի առնելով դրանց մեծ քանակությունը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշեց, որ որպեսզի խոսակցությունը չլինի սիրողական մակարդակի, պետք է լինի մյուս կողմի գիտական պնդումը:
«Եթե մյուս կողմը գիտական մոտեցում չունի, ուրեմն էմոցիոնալ և սիրողական մակարդակի խոսակցություններ են»,–ասաց Ավինյանը:
Նա կրկին պնդեց, որ այն ծառերը, որոնք փոխարինվում են, իսկապես կորցրել են իրենց ֆունկցիոնալությունը: