Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել էին Արշակունյաց պողոտան՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Տավուշում իրականացվող սահմանազատմանն ու տարածքային զիջումներին։
Քաղաքացիները Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի հատվածում ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները համայնքով անցնող կամուրջը, որտեղ, ըստ առկա տեղեկությունների, պատրաստվում են ականազերծման աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև գյուղով անցնող միջպետական ճանապարհը շարունակում են փակ պահել։
Բնակիչները զայրացած են, կոչ են անում բոլոր տավուշցիներին միանալ ընդվզմանը, զգուշացնում են՝ եթե հիմա չկասեցվի սահմանազատումն ու տարածքային զիջումները, շատ ավելի վատ է լինելու։
Հիշեցնենք, որ այսօր ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև Հայաստանի մի շարք հատվածներում քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացրել։ Առավոտից փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում: Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց:
Ոստիկանության տվյալներով, այսօր ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 29 քաղաքացի, որից 17–ը՝ Երևանում։
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: