Իսրայելի բանակը կմտնի Ռաֆահ՝ անկախ ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ռազմական գործողություն ծավավել Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում՝ անկախ հրադադարի և Գազայում պատանդների ազատ արձակման վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից։

«Մինչև մեր բոլոր նպատակներին չհասնենք՝ մեր կողմից պատերազմը դադարեցնելու մասին խոսք լինել չի կարող։ Կմտնենք Ռաֆահ և լիակատար հաղթանակի հասնելու համար կկործանենք ՀԱՄԱՍ-ի գումարտակները՝ համաձայնությամբ, թե առանց դրա»,- ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ ասել է Նեթանյահուն։

Նեթանյահուն շեշտել է, որ իսրայելցի զինվորականները պետք է մտնեն Ռաֆահ՝ հոկտեմբերին Իսրայելի վրա հարձակված ՀԱՄԱՍ-ին ամբողջությամբ ջախջախելու համար: Գազայի հատվածի բնակչության կեսից ավելին ապաստանել է Գազայի և Եգիպտոսի սահմանին՝ Ռաֆահ քաղաքում։

«Ռաֆահի վրա ռազմական հարձակումը կլինի անտանելի էսկալացիա, որը կսպանի հազարավոր խաղաղ բնակիչների, և հարյուր հազարավորների կստիպի փախչել», – հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: «Բոլոր նրանց, ովքեր ազդեցություն ունեն Իսրայելի վրա, կոչ եմ անում անել ամեն ինչ՝ դա կանխելու համար»,- հավելել է նա:

Ըստ The Wall Street Journal պարբերականի՝ Ռաֆահից քաղաքացիների տարհանումը, այնտեղ ռազմական գործողության անցկացնելու համար, կտևի առնվազն 10 օր։ Մինչդեռ Ռաֆահից տարհանումը Եգիպտոս ավելի կարճ ժամանակ կպահանջի, սակայն Եգիպտոսը հրաժարվում է ընդունել Գազայի հատվածի փախստականներին։

Spread the love