Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան. 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ բնակիչ

Կիրանցում տեղադրված վրաններն այլևս չկան։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ վկայակոչելով բնակիչներից մեկի հայտնած տեղեկությունը։

Ըստ աղբյուրի՝ 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել: Ավելի ուշ տարածքը տեսանկարահանող տեսախցիկների տեսագրություն է տարածվել, որում երևում է, թե ինչպես են Կիրանցում սևբերետավորները բիրտ ուժով բերման ենթարկում գյուղացիներին և րոպեներ անց բարձր տրամադրությամբ ողջագուրվում միմյանց հետ։

ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են:

Առավոտից գյուղ տանող ճանապարհները փակ են․ համայնքի բնակիչներից զատ որևէ մեկին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց՝ այդ թվում սահմանազատման և տարածքային զիջումների դեմ պայքարն առաջնորդող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Spread the love