Եթե կասեցնենք սահմանազատումը, սկսվելու է պատերազմ. Փաշինյան

Առաջարկվում է կասեցնել սահմանազատման գործընթացը, այսինքն կասեցվի ՀՀ անվտանգության երաշխիքների ձեւավորման գործընթացը, այսինքն կասեցվի ՀՀ ինքնիշխանության հաստատման գործընթացը: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը եւ առաջ քաշած պահանջներին:

«Ես ասում եմ, հարգելի հոգեւորականներ, լրագրողներ, որ ասում ենք՝ այսօր ցերեկից կասեցնենք գործընթացը, իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո: Դրանից հետո լինելու է մի պարզ բան՝ սկսվելու է պատերազմ:

Առնվազն վերլուծությունը, թե ովքեր եւ ինչպես են այս պրոցեսին արձագանքում, ես հավատացած եմ, որ նպատակը հենց դա է եղել՝ թույլ չտալ, որ տեղի ունենա սահմանազատում, որի անխուսափելի հետեւնքը կլինի պատերազմը: Ընդ որում, պատերազմն այդ պարագայում դելիգիտիմացված չի լինի: Այն ուժերը, որոնք պհանջում են սահմանազատումը դադարեցնել, բնականաբար, նաեւ այդ ուժերի, նաեւ արտաքին ուժերի աջակցությամբ ամեն ինչ կանեն, որ Հայաստանից նոր տարածքներ օկուպացվեն, դա օգտագործելու համար, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների համար: Բայց այդտեղ էլ կարեւոր է, թե ինչ է տեղի ունենալու»,-ասաց նա:

Փաշինյանը շարունակեց. «Ընդդիմության հայտնի դեմքերից մեկը եթերում նստած կասկածի տակ է առնում ՀՀ-ում ազատ, արդար ընտրություններ իրականացնելու նպատակահարմարությունը: Սա նշանակում է՝ կասկածի տակ է դրվում ՀՀ ինքնիշխանությունը: Պատերազմը ներքին ու արտաքին մի շարք ուժերի հարկավոր է, որ հնարավոր լինի իշխանափոխություն անել առանց ընտրությունների: Միայն այդ սցենարն է, որ դա հվանական է դարձնում: Նույն սցենարը գործում էր 44-օրյա պատերազմի ժամանակ: Դա 7-րդ օրը պատերազմը դադարեցնելու մասին հայտնի խոսակցությունն էր. թե դա ինչի մասին էր, որտեղից էր գալիս եւ ուր էր գնում, ինչ նպատակով:

Նրանք, որոնք ասում են՝ կասեցնել սահմանազատումը, իրենց նպատակն է սադրել պատերազմ, ապահովել իշխանափոխություն ոչ ընտրական ճանապարհով: Դա հնարավոր է, եթե ՀՀ ինքնիշխան տարածքներ օկուպացվեն, հակառակ դեպքում դրա ֆոնը չի լինելու: Հաջորդաբար, մարիոնետային, ոչ լեգիտիմ իշխանության հաստատում եւ ՀՀ ինքնիշխանության եւ պետականության դե ֆակտո լուծարում՝ դե յուրե լուծարումից առաջ: Դա այնքան ակնհայտ է»,- ընդգծեց Փաշինյանը:

Spread the love