Իսրայելի պաշտոնյաները վախենում են, որ Գազայի հատվածում հրեական պետության գործողությունների վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի առաջիկա զեկույցը կարող է դրդել նախագահ Ջո Բայդենին սահմանափակել ռազմական օգնությունը երկրին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի աղբյուրները։
Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչները սերտ կապի մեջ են զեկույցը կազմող ամերիկյան վարչակազմի հետ։ Եթե զեկույցը պարզի, որ Իսրայելը չի հետեւում միջազգային իրավունքին, «դա, ամենայն հավանականությամբ, աղմուկ կբարձրացնի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունում», – նշում է հեռուստաալիքը:
Նրա տեղեկություններով՝ զեկույցը չի պարտավորեցնում ԱՄՆ վարչակազմին փոխել քաղաքականությունը Իսրայելի նկատմամբ, սակայն «այն կարող է օգտագործվել նման փոփոխություն հրահրելու համար»։ Արդյունքում ԱՄՆ-ը կարող է պայմաններ դնել, որոնց հիման վրա օգնություն կտրամադրվի Իսրայելին։
Հեռուստաալիքը նշում է, որ Գազայի հատվածում Իսրայելի գործողության ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ ԱՄՆ կառավարության զեկույցի պատրաստումը հակասություններ է առաջացրել ամերիկյան վարչակազմում, հատկապես՝ Պետդեպարտամենտում։
CNN-ի Կոնգրեսի աղբյուրների համաձայն՝ զեկույցի պատրաստմանը ներգրավված են Պետդեպարտամենտի քաղաքական-ռազմական հարցերի բյուրոն, գերատեսչության այլ ստորաբաժանումներ, ինչպես նաև Պենտագոնը և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը։