Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Յահյա Սինվարը չի թաքնվում Ռաֆահում, տեղեկացրել է Times of Israel-ը՝ հղում կատարելով հարցին ծանոթ երկու պաշտոնյաների։
Իսրայելական ուժերը վերջին ամիսներին սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի փոխհրամանատար Մարվան Իսային, որը համարվում է Գազայի խմբավորումներից մեկի առաջնորդը, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան հրամանատարների։ Սակայն Սինվարը եւ նրա տեղակալը՝ ռազմական թեւի ղեկավար Մոհամեդ Դեյֆը, մնում են անորսալի՝ չնայած իսրայելցի պաշտոնյաների բազմակի հայտարարություններին, թե ՑԱԽԱԼ-ը մոտենում է նրանց։
Times of Israel-ի հետ զրուցած երկու պաշտոնյաները չեն կարողացել վստահաբար ասել, թե որտեղ է այժմ գտնվում Սինվարը, բայց նրանք հղում են կատարել հետախուզության վերջին տվյալներին, որոնց համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդը Խան Յունիսի ստորգետնյա թունելներում է, Ռաֆահից հինգ մղոն հյուսիս։
ՑԱԽԱԼ-ի ցամաքային ուժերը երկուշաբթի ներխուժում են սկսել Ռաֆահում։ Իսրայելի իշխանությունները հավաստիացնում են, որ ներխուժման առաջնային խնդիրը ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումն է։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ կդադարեցնի հարձակողական զենքի մատակարարումը ՑԱԽԱԼ-ին, եթե Իսրայելը խոշոր ցամաքային հարձակում սկսի քաղաքի բնակավայրերի վրա, որտեղ ապաստանել են ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիներ։ Անցած շաբաթ նա արդեն կանգնեցրել էր մեծ հզորության ռումբերի մատակարարումը այն մտավախություններից, որ դրանք կկիրառվեն Ռաֆահում։