ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական գործերի եւ առեւտրի նախարար Յան Բորգին տեղեկացրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ Ալմաթիում ունեցած բանակցությունների արդյունքների մասին։
Մայիսի 13-ի համատեղ մամուլի ասուլիսում Միրզոյանը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է մարտահրավերներն աշխարհում եւ կազմակերպության պատասխանատվության գոտում։ «ԵԱՀԿ-ի առջեւ կանգնած են լրջագույն մարտահրավերներ, որոնք բոլոր մեխանիզմենրի արդյունավետ օգտագործում են պահանջում»,- փաստել է Միրզոյանը՝ ավելացնելով, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում եւս կան լրջագույն մարտահրավերներ, որոնք խախտում են այնպիսի սկզբունքներ, ինչպիսին են տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ «Դրանք ուղիղ վերաբերում են ԵԱՀԿ մանդատին եւ ընդգծում հասցեական մասնակցության կարեւորությունը։ Այս հունով էլ քննարկվել է կազմակերության հետ համագործակցության տեսլականը»,- նշել է Միրզոյանը։
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգությանը, Միրզոյանը Բորգին ներկայացրել է իրավիճակը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում, այդ թվում Ալմաթիի վերջին հանդիպման մանրամասները։ Նախարարը տեղեկացրել է հանձնաժողովների ղեկավարների ապրիլի 19-ի պայմանավորվածության մասին, որ սահմանազատման գործընթացի հիմք պետք է լինի Ալմաթիի հռչակագիրը։ «Այդ պայմանավորվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մինչ այդ արված հայտարարությունների հերթական փաստումն էր»,- նշել է Միրզոյանը՝ հիշեցնելով, որ Ալմաթիի հռչակագիրը պետք է դառնա հիմք սահմանազատման համար, տարածքային ամբողջականության փոխադարձ ընդունմամբ, որի մասին կողմերն առաջին անգամ պայմանավորվել են Պրահայում 2022թ., իսկ հետո քանիցս հաստատել։ Միրզոյանի խոսքով՝ Երեւանում համոզված են, որ այդ սկզբունքի եւ խաղաղության պայմանագրի փաստումն ու դրա ստորագրումը վերջ կդնեն երկարատեւ հակամարտությանը եւ խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում։ «Կան նաեւ այլ տարրեր՝ հաղորդակցությունների ապաշրջափակում, այս մասին մեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Մենք շահագրգռված ենք հաղորդակցությունների բացմամբ, առաջին փուլում դա Ադրբեջանի հետ երկաթուղային կապն է։ Բնականաբար, հաղորդակցությունները պետք է լինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնցով անցնում են, ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության եւ փոխադարձության սկզբունքին համապատասխան»,- հայտնել է արտգործնախարարը։
Նա տեղեկացրել է, որ Բորգի հետ քննարկել է նաեւ ՀՀ-ի եւ Մալթայի հարաբերությունները, կողմերը պատրաստ են խորացնել կապերը։