Ո՞նց է լինում, որ ավելացնում ենք, պարզվում է՝ չի հերիքում․ վարչապետը՝ առողջապահության ծախսերի մասին

ՀՀ կառավարության որոշմամբ՝ բյուջեի վերաբաշխման արդյունքում 3 մլրդ դրամ կհատկացվի առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը։

Հարցը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այդ գումարներից շտապօգնության ծառայությանը տրամադրվելու է 400 մլն դրամ, հեմոդիալեզին եւ պերիտոնյալ դիալեզին՝ 500 մլն դրամ, ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդությունների բուժմանը՝ 300 մլն դրամ, ոչ վարակիչ հիվանդությունների բուժմանը՝ 800 մլն դրամ, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բուժօգնության համար՝ 1.5 մլրդ դրամ, փոխպատվաստման ծառայություններին՝ 200 մլն դրամ, ինֆեկցիոն հիվանդությունների բուժմանը՝ 100 մլն դրամ։

«Այս ավելացումներով շարունակում ենք հանձնառությունը՝ տարեցտարի ավելացնել բժշկական օգնության հասանելիությունը բնակչությանը։ Մի քանի տվյալներ ներկայացնեմ, թե ինչպես են աճել թե սպասարկման դեպքերի, թե ֆինանսավորման ծավալները վերջին տարիներին․ 2018 թվականին իրականացրած ծրագրերով սոցիալական անապահովության և հատուկ խմբերի ընդգծվածների մասով մենք 28 հազար 973 դեպքի փոխարեն 2023 թվականին սպասարկել ենք 46 հազար 401 դեպք, և 2024 թվականին՝ 84 հազար 374 դեպք։ Սա 2018 թվականից մինչ այս տարի 55 հազար դեպքով ավելի է»,- ասաց նախարարը:

Առողջապահության բոլոր ծրագրերի մասով կատարողականները 2018 թվականի առաջին եռամսյակի մասով կազմել է 14 միլիարդ դրամ, 2024-ին՝ 30 միլիարդ դրամի չափով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ 2018 թվականին այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ բուժման կարիք ունեցող որևէ քաղաքացի չի կարող մնալ հիվանդանոցային դռներին, դրանից հետո մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվում են հրապարկումներ, թե այս կամ այն հիվանդանոցում պետպատվերները վերջացել են, գումարներ չկան:

«Այդ թեման ինձ շատ հուզում է, ինձ համար խնդիր էր հասկանալ, թե ինչ է կատարվում։ Եվ մենք պարզեցինք, որ նախկինում, օրինակ, 2017 թվականին պետպատվերի համար դրվում էր իքս գումար և ամբողջ պետական համակարգը աշխատում էր այնպես անել, որ այդ գումարից ավելի ծառայությունների կարիք ունեցող մարդ չհասնի հիվանդանոց: Էստեղից էնտեղ են ուղարկում, տարբեր ձեւերով կառավարում են այդ պրոցեսը:

2018 թվականից հետո մենք պետպատվերի ֆինանսավորումը եւ մեխանիզմները լավարկել ենք և արդեն 2023 թվականին այն կրկնապատկվել է, ավելացել 176 տոկոսով։ Հարց է ծագում՝ բա ո՞նց է լինում, որ անընդհատ ավելացնում ենք, և պարզվում է՝ չի հերիքում։ Դա միայն մեկ բանի պատճառով՝ նախկին շրջանում այդ մարդիկ, որոնք օբյեկտիվորեն այդ ծառայության անհրաժեշտությունը չեն ունեցել, նրանց առաջ դռները պինդ փակած են եղել։ Հիմա, երբ դռները բացվել են, այդ մարդկանց մեծ հոսքը, հասկանալով, որ կատակ չի, վերնագիր չէ, ծառայությունը հասանելի է, ուղղվում է դեպի բժշկական կենտրոններ»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, վերջին տարիներին այդ հոսքերը կառավերելու մի գործիք կար. «Դա հիվանդանոցներին պետպատվերի չափաբաժիններ տալն էր: Դա լավ մթնոլորտ չէր ստեղծում: Մենք որոշում կայացրեցինք, որ նաեւ այս մեխանիզմը վերացնենք՝ ներդնելով օֆերտա բոլոր պետպատվերի ուղղությունների համար: Սրանով մարդկնց հնարավորությունը մեծացավ:

Նախկինում տալիս ենք հիվանդանոցներին 500 մլն դրամ, ասում էինք՝ այդքանի կսպասարկես, դրանից ավելի չենք ֆինանսավորում, հիմա ասում ենք՝ ով կգա, կսպասարկես, հետո մենք նրա համար կվճարենք»։

Սակայն այս դեպքում էլ, ըստ Կառավարության ղեկավարի, մարդկանց հոսքը այնքան մեծ է, որ «պետբյուջեն չի հասցնում դրա հետևից»։ Այդ պատճառով է, որ ներդրվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգ. «Մեր քննարկումների արդյունքում ամենամեծ մտավախությունն այն է, որ ծավալների մասին պատկերացում չունենք, որ կարող է մտնենք այնտեղ, ու պարզվի՝ բեռը այնքան մեծ է, որ անգամներով տարբերվում է մեր պատկերացումներից»։

Spread the love