«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն». Փաշինյանը նշեց, թե որ թվականի քարտեզով է արվել սահմանազատումը

Երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ի կատարում ապրիլի 19-ին ընդունված հմատեղ նիստի ընդունած արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղա Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խերիմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կզըլ Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրանք ստորագրել են այս սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները: Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն երկու պատճառով: Առաջինը, մեր ինքնիշխանության եւ անկախության հետագա զարգացման եւ ամրապնդման համար դրվել է մի շատ կարեւոր անկյունաքար, երկրորդը, մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ուբնի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության եւ կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլեւ ամբողջ Հայաստան-Ադրբեջանի սահմանի երկայնքով:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԽ բոլոր անդամներին»,-ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ 1-2 դետալի՝ նշելով. «Արձանագրված է, որ սահմանազատումը տեղի է ունեցել 1976 թփվականի քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին: Մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի եւ դրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման ստեղծելու, այլ նախկինում Ալմա-Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրելու գործընթաց: Այսինքն մենք ասում ենք, որ մենք ոչ թե պետք է սահման ստեղծենք, այլ պետք է վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին եւ ունեն դե յուրե իրավական նշանակություն: Հիմա մենք քրատեզների հղումն ունենք, դրանք ԽՍՀՄ դե յուրե իրավական նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են»:

Փաշինյանը նաեւ պարզաբանեց «հերթապահության գործընթաց» արտահայտությունը՝ նշելով. «Խորհրդային հանրապետությունների միջեւ, եթե չասեմ անընդհատ, պարբերաբար սահմանների ճշգրտման գործընթացներ են եղել: Այդ արդեն իսկ հաստատված գործընթացներին քարտեզագրական մակարդակով վերջնական իրավական ուժ հաղորդել է գեոդեզիայի եւ քարտեզագրության ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը, որը ժամանակ առ ժամանակ հանրապետություններից հավաքել է արդեն իսկ հանրապետություններում իրավական ուժ ստացած որոշումները, ընդ որում ամբողջական կամ հատվածական, դրանք վերստուգվել են, եւ այս բոլորի հիման վրա հաստատել է քարտեզագրական հիմքը Խորհրդային հանրապետությունների միջեւ սահմանային գծի: Ահա, մեր սահմանազատվող հատվածում 1979-ին հերթապահության գործընթաց անցած քարտեզները այդպիսի վերջին քարտեզներն են ԽՍՀՄ-ի օրոք: Այսինքն վերջնականորեն հիմնավորված այլ քարտեզ գոյություն չունի»:

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 9-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը, արդյոք ծագելու է նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարցեր,- Արմենպրեսի հարցին ի պատասխան Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են:

Spread the love