Խաղողի մթերման գծով վարկերի մարման ժամկետը երկարաձգվում է մեկ տարով

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց, որ խաղողի մթերման ուղղությամբ 2023-ին տրամադրված վարկերի համար կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 12 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 12 ամսով  երկարաձգվել վարկերի մարման ժամկետները, ընդ որում տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորվող 9 տոկոսային կետը մնում է անփոփոխ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացել են վնասներ, ուստի գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու և ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտություն է առաջացել:։

Նշվում է, որ Ծրագրի շրջանակներում 2022թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը խաղողի մթերման ուղղության համար վարկերը տրամադրվել են մինչև 4 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվել է 11 տոկոսային կետը, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվել է ոչ ավելի, քան 24 ամիս: 2022 թվականին խաղողի մթերման ուղղության համար ներգրավվել է շուրջ 11.9 մլրդ դրամ վարկ։

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 8-ը խաղողի մթերման ուղղության համար վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվել է 9 տոկոսային կետը, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվել է ոչ ավելի, քան 12 ամիս: Նշված ժամանակահատվածում խաղողի մթերման ուղղության համար ներգրավվել է շուրջ 2.4 մլրդ դրամ վարկ, որն ուղղվել է 2022 և 2023 թվականներին մթերված խաղողի արժեքի վճարմանը։ Ծրագրից օգտվելու նպատակով առանձին կազմակերպություններ 2022 թվականին դիմել են ֆինանսական կառույցներին 2022 թվականին մթերված խաղողի դիմաց վճարումներ կատարելու նպատակով վարկեր ներգրավելու համար, սակայն ֆինանսական կառույցների կողմից այդ վարկերը ինչ-ինչ պատճառներով հաստատվել են 2023թվականին և տրամադրվել են 2023թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 8-ը գործող պայմաններով։

2023 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1520-Լ որոշման հիման վրա Ծրագրի պայմաններին համապատասխան վարկերը տրամադրվել են մինչև 5 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվել է 11 տոկոսային կետը, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվել է ոչ ավելի, քան 24 ամիս: Նշված ժամանակահատվածում խաղողի մթերման ուղղության համար ներգրավվել է շուրջ 6.3 մլրդ դրամ վարկ։

Spread the love