ՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է սկզբունքային դիրքորոշումներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին ընդունել է ««Լուստելեկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 207-Ա որոշումը, որի շրջանակում, ի թիվ այլնի, ձևավորել է առևտրային ցանցերի գործունեությանն առնչվող հետևալ սկզբունքային դիրքորոշումները․

  • առևտրային ցանցը մասնագիտացված սուբյեկտ է․
  • առևտրային ցանցը վաճառքը կազմակերպելիս պատասխանատու է ապրանքի, այդ թվում՝ ապրանքի անվանման վերաբերյալ ստույգ և հավաստի տեղեկատվության տրամադրման համար․
  • առևտրային ցանցն ապրանքի, այդ թվում՝ ապրանքի անվանման վերաբերյալ տեղեկատվության համար հիմք է ընդունում ապրանքի վրա կամ դրա մակնշվածքում առկա տվյալները, իսկ այն դեպքում, երբ համապատասխան ապրանքը կոնկրետ անվանմամբ ներկայացնելը, օրենսդրության համաձայն, պահանջում է սերտիֆիկատ կամ այլ փաստաթուղթ, ապա նաև այդ փաստաթղթերը։ Ընդ որում, վերոնշյալ փաստաթղթերի բացակայության դեպքում առևտրային ցանցը պետք է դրանք պահանջի մատակարարից և կրում է դա չանելու բացասական հետևանքները․
  • առևտրային ցանցը պատասխանատու չէ ապրանքի, այդ թվում՝ ապրանքի անվանման վերաբերյալ սխալ տեղեկատվության տրամադրման համար, եթե վերջինս իր պարտականությունները կատարել է բարեխիղճ, այսինքն՝ սխալը պայմանավորված է ապրանքի վերաբերյալ տեղեկատվության համար հիմք հանդիսացած փաստաթղթերում առկա սխալով, իսկ առևտրային ցանցն իր հերթին ձեռնարկած ողջամիտ ջանքերով հնարավորություն չի ունեցել պարզելու տեղեկատվության ոչ հավաստի լինելը։ Ընդ որում՝ դա չի ենթադրում առևտրային ցանցի կողմից ոչ բնորոշ գործողությունների կատարումը, ինչպիսին է, օրինակ՝ ապրանքի բնութագրին համապատասխանությունը պարզելու նպատակով փորձաքննության իրականացումը։

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը, «Լուստելեկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից («Չինար» սուպերմարկետ) «Արաքս Թռչնաֆաբրիկա» ընկերության արտադրության հավկիթները գնապիտակների վրա «Eco» բառի գրառմամբ իրացնելու առնչությամբ այն դեպքում, երբ դրանք առերևույթ չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, հարուցել է վարույթ։

Spread the love