Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը ներում է շնորհել յոթ նախկին գեներալների, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտվել 1997 թվականին իսլամական կառավարությունը տապալելու համար, հայտնում է AP-ն։
Որոշման համաձայն՝ նախկին գեներալներին, որոնք այժմ 70-80 տարեկան են, ներում է շնորհվել առողջական խնդիրների ու մեծ տարիքի պատճառով։
1998-ին դատարանը գեներալներին դատապարտել էր ցմահ բանտարկության՝ այն ժամանակվա վարչապետ Նեջմեթթին Էրբաքանին հրաժարական պարտադրելու թուրքական բանակի ջանքերում ունեցած դերի համար։ Այս դատավճիռները վերաքննիչ դատարանի կողմից հաստատվել են 2021թ.
Հետագայում կառավարության ղեկավարի հրաժարականը Թուրքիայում կոչվել է «պոստմոդեռն հեղաշրջում», քանի որ, ի տարբերություն երկրում նախորդ ռազմական հեղաշրջումների, այս մեկը տանկեր ու զինվորներ չի օգտագործել։ Էրբաքանի կառավարությունը փոխարինվեց այն ժամանակվա նախագահի կողմից նշանակված կոալիցիայով։
Էրբաքանի իշխանությունից հեռացնելու ժամանակ բանակը մտահոգված էր հիմնականում մահմեդական, բայց աշխարհիկ երկրում իսլամի հեղինակությունը բարձրացնելու նրա ջանքերով:
1997 թվականի փետրվարի 28-ին զինվորականների գերակշռող Ազգային անվտանգության խորհուրդը սպառնացել է քայլեր ձեռնարկել, եթե Էրբաքանը չնահանջի: Չորս ամիս անց կառավարության ղեկավարը հրաժարական տվեց։