Մայիսի 20-ին «Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի» Առնո Բաբաջանյանի անվան դահլիճում տեղի ունեցավ «ԿԱՄԵՐՏՈՆ ՍՈԼԻՍՏ» կատարողական արվեստի 4-րդ միջազգային մրցույթի Գալա համերգը: Սա «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպության ավանդական դարձած նախաձեռնություններից է, որի նպատակն է պատանի տաղանդավոր կատարողների բացահայտումը, ինչպես նաև այլ երկրների հետ Հայաստանի մշակութային համագործակցության սերտացումը: Այս տարի հայտ են ներկայացրել 160-ից ավել մասնակիցներ 5 երկրներից Հայաստան. Ռուսաստան, Գերմանիա, Իսպանիա, ԱՄՆ։ Դաշնամուր, Լարային գործիքների, Փողային և հարվածային գործիքների անվանակարգերում լավագույնս դրսևորվեցին թե՛ Երևանի, թե՛ մարզերի և թե՛ օտարերկրյա մասնակիցները՝ գրավելով 13 Մեծ և 27 առաջին մրցանակներ: Հաղթողների քանակն առաջացրեց 2 համերգների անհրաժեշտություն՝ Գալա համերգ Մեծ մրցանակակիրների մասնակցությամբ և Սոլիստների համերգ՝ առաջին մրցանակակիրների, որը տեղի կունենա մայիսի 24-ին Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի Մեծ դահլիճում։ Մրցույթի ժյուրիի կազմում էին բարձրակարգ մասնագետներ, մեր ժամանակի հայտնի կատարողներ, ՀՀ վաստակավոր մանկավարժներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ, թե՛ ՀՀ և թե՛ եվրոպական կոնսերվատորիաների պրոֆեսորներ, ՀՀ վաստակավոր մանկավարժներ: Գալա համերգն անցավ էմոցիոնալ հրավառությամբ՝ պարգևելով հաղթող մասնակիցներին և ներկաներին անմոռանալի զգացողություններ: https://we.tl/t-xxNjmkvcfa
we.tl
Լրատվություն