«Պատիվ ունեմ» խմբակցությունը սատարում է ՀՅԴ Գերագույն մարմնի՝ այսօր տարածած հայտարարությանը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը սատարում է ՀՅԴ Գերագույն մարմնի՝ այսօր տարածած հայտարարությանը, և միանում ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի և մյուս քաղաքացիների նկատմամբ անթույլատրելի վարք ցուցաբերած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու պահանջին: Այդ մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Հիշեցնենք՝ ՀՅԴ Գերագույն մարմինն այսօր հայտարարել էր․

«2024թ. մայիսի 27-ին ոստիկանության գործողությունների մասին

2024թ. մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողություններն ուղեկցվում են ոստիկանության ծառայողների ակնհայտ ապօրինի հակազդեցությամբ: Շուրջ 300-ի հասնող բերման ենթարկված քաղաքացիներից շատերի, ինչպես նաև ժողովրդի ներկայացուցիչներ հանդիսացող, անձեռնմեխելիությամբ օժտված Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական և հոգեբանական բռնություն: Քաղաքացիներին պատկանող բազմաթիվ ավտոմքենաներ բերման են ենթարկվել: Կան վնասվածքներ ստացած քաղաքացիներ:

Ոստիկանության 6 տասնյակից ավելի ծառայողներ փորձել են ներխուժել ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոն, սադրելով և հարձակվելով գրասենյակ անօրինական մուտքն արգելող կուսակցության ղեկավար անդամների նկատմամբ: Գործադրելով բիրտ ուժ, ցուցաբերելով փողոցային խուլիգանին և կենդանական աշխարհում տարածված ոհմակին բնորոշ վարքագիծ ոստիկանության տասնյակ ծառայողներ բացահայտ ֆիզիկական բռնության գործադրմամբ բերման ենթարկեցին քաղաքացիների, այդ թվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այս անօրինակ ապօրինությունները գնահատում է որպես կազմակերպված հանցավոր խմբի կողմից Հայաստանի սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հերթական գործողություն: Հանցավոր այս խմբի պարագլուխ և առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ մնալով հայրենադավ իր ծրագիրն իրականացնելու, խառնակչության, քաղաքացիների և քաղաքական կուսակցությունների նկատմամբ բացահայտ հակաօրինական գործողություններ կազմակեպելու իր հանցավոր մտադրությունները կյանքի կոչելու նպատակադրումներին, պետական հաստատություններն ու մարմինները վերածել է հանցագործության կոնկրետ գործիքների:

Առ այդ, ընդգծելով ոստիկանական ծառայողների կողմից համակարգված և պարբերական դարձած անօրինական բերման ենթարկելու դեպքերը, այդ թվում՝ անձեռնմխելիությամբ օժտված Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ, տեղեկացնելով ժողովրդավարության և մարդու իրավունքներով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպություններին ու օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին՝ պահանջում ենք կոնրկետ գնահատական տալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալած և պետությունը զավթած հանցավոր այս խմբավորմանը:

Վերահաստատելով համոզումը, որ հանցագործությունները անպատիժ չեն մնալու, պահանջում ենք գլխավոր դատախազությունից և քննչական մարմիններից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել բացահայտ հանցագործություններ կատարած ոստիկանության ծառայողներին, վերջիններիս անօրինական հրահանգ տված և հանցագործությունների անպատժելիությունը երաշխավորող Նիկոլ Փաշինյանին՝ հակառակ դեպքում գլխավոր դատախազությունն ու քննչական մարմինները կդիտարկվեն սահմանադրական կարգը տապալող ուժերին օժանդակողներ և առանձնապես ծանր հանցագործությունները պարտակողներ՝ դրանցից բխող ծանրագույն պատասխանատվությամբ:

Կրկին արտահայտելով բազմիցս ապացուցված համոզումը այն մասին, որ Հ․Յ․ Դաշնակցությանը նման մեթոդներով չեն կարող կանգնեցնել, հայտարարում ենք, որ պետության կազմաքանդմանը տանող և Հայոց պետականությունը ոչնչացնելու մտադրություն ունեցող հանցավոր վարչախմբի դեմ պայքարը դադար չի ունենալու: Կոչ ենք անում համայն հայությանը՝ հանուն Հայաստանի և Հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համախմբվել սրբազան շարժման շուրջ»:

Spread the love