Սահմանի մի մասի սահմանազատման մասին համաձայնագիրը դրական ներդրում է Բաքվի և Երևանի կարգավորման գործընթացում.Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը լավատես է Ադրբեջանի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Նա իր տրամադրություններն է կիսել Իսլամաբադում Պակիստանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսում։

Ինչպես և կարելի էր ակնկալել, դրական տրամադրությունների պատճառը Հայաստանի կողմից Տավուշի տարածքների վերջին միակողմանի հանձնումն է։

«Ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման և Հայաստանի կողմից երկար ժամանակ օկուպացված չորս գյուղերի Ադրբեջանին վերադարձնելու մասին վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը դրական ներդրում է նորմալացման գործընթացում»,- ձեւակերպել է Բայրամովը։

Նախարարն ասել է, որ այսօրվա հանդիպմանը պակիստանցի գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում հետհակամարտային իրավիճակը։ Նրա խոսքով, նա Պակիստանի ԱԳՆ ղեկավարին տեղեկացրել է նաև «Ադրբեջանի ազատագրված հողերի վերականգնման աշխատանքների մասին»։ «Ես նշեցի, որ ականների երկարաժամկետ խնդիրը խոչընդոտում է մեր ջանքերին»,- ասել է ադրբեջանցի նախարարը։ Միաժամանակ նա նշել է, որ «Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին, և մենք հուսով ենք, որ դա դրական կլինի ընդհանուր տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման համար»։

Պակիստանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարն իր հերթին ասել է, որ «Պակիստանը միշտ աջակցել է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։ Նա հավելել է, որ «Պակիստանը գնահատում և աջակցում է հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը»։

«Պակիստանը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Մենք շնորհավորում ենք Ադրբեջանին Ղարաբաղում իր ինքնիշխանության վերականգնման կապակցությամբ»,- ընդգծել է Պակիստանի արտգործնախարարը։

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները նաեւ Լեռնային Ղարաբաղը համարում էին Ադրբեջանի տարածք։

Spread the love