«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի մշակման և իրականացման նպատակով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը:
Միջոցառման ընթացքում համագործակցության պայմանագիր է ստորագրվել նաև ՀՀ լեզվի կոմիտեի, Երևանի պետական համալսարանի և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև: Պայմանագիրը ստորագրել են ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը:
Ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, որը մասնագիտական խմբի ղեկավարն է:
Նախաձեռնության նպատակը հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգի ստեղծումն է ոչ հայախոսների համար:
Հիմք ընդունելով Լեզուների իմացության ու գնահատման եվրոպական ընդհանուր շրջանակի (Common European Framework of Reference for Languages) վերջին թարմացումը և նույն շրջանակի «Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգ. ուսումնառություն, դասավանդում, գնահատում» հայերեն տարբերակը՝ նախատեսվում է ստեղծել հայերենի առանձնահատկություններից բխող ուսուցման, գնահատման և ստուգման վեցաստիճան (համապատասխանաբար` Ա1 (A1), Ա2 (A2), Բ1 (B1), Բ2 (B2), Գ1 (C1), Գ2 (C2)) համակարգ և մշակել այն գործադրելու իրավական մեխանիզմներ։ Համակարգը կգործի ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ-ից դուրս: Այն հնարավորություն կտա ոչ հայախոսներին սովորել հայերեն, ստուգել լեզվական իմացությունը և ստանալ իմացության մակարդակը հավաստող վկայական:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին կարևոր գաղափարի շուրջ համախմբման և հիմնադրամին՝ աջակցության համար: «Ծրագրի անհրաժեշտությունն ավելի քան ակնհայտ է, և տևական ժամանակ այն մեր քննարկման օրակարգային հարցերից էր: Այս դաշտում բազմաթիվ հարցեր կարգավորման կարիք ունեն: Կարևորելով հայերենի զարգացումն ու տարածումը՝ մենք, այդուհանդերձ, դեռևս ամենատարրական գործիքակազմերի խնդիր ունենք: Այս ծրագրով վերջապես կունենանք գործիքակազմ, որը կիրառելի կլինի մի քանի առումով»,- ասել է նախարարը և ներկայացրել շահառուների շրջանակը, որոնց համար ծրագիրն առաջնային նշանակություն կունենա:
«Հայաստան եկող ցանկացած մարդ հայերենի իմացության հավաստման և ստուգման կարիք ունի՝ միջազգայնորեն ճանաչելի չափանիշներով: Մենք նաև բարդությունների ենք առնչվում օրենսդրական դաշտում, երբ հայերենի իմացության պահանջներ պետք է կարգավորվեն, օրինակ, դատավորների, պատգամավորների թեկնածուների համար: Ծրագիրն առանցքային նշանակություն ունի ՀՀ բուհերում սովորող օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների համար: Այս նույն խնդիրը կա նաև դպրոցներում, երբ մեծ թվով երեխաներ որոշակի ժամանակահատված սովորել են այլ երկրում և վերադառնալով Հայաստան՝ դպրոցում հայերենի իմացության մակարդակի որոշման խնդիր է առաջանում: Հետևաբար, կրթական գործընթացի արդյունավետության տեսանկյունից հայերենի իմացության ստուգման և իմացության մակարդակից բխող հետագա աշխատանքի կարիքն ակնառու է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ ծրագիրը կարևոր է նաև ինստիտուցիոնալ բարեփոխումները շարունակելու տեսանկյունից. ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է հայերենի իմացության ստուգման չափորոշիչների ձևավորմամբ ստանալ ամբողջական համակարգ, որը, որպես մեթոդաբանություն, հնարավոր կլինի կիրառել նաև այլ գործընթացների ժամանակ:
Նախարարն ընդգծել է, որ նոր ծրագիրը դիտարկվում է լեզվական քաղաքականության հայեցակարգի մշակման տիրույթում և նպաստելու է հայեցակարգի ամբողջական պատկերի ուրվագծմանը:
Հայերենը ոչ հայախոսների համար ծրագրի մշակման աշխատանքների իրականացման համար կստեղծվի մասնագիտական խումբ՝ ԵՊՀ-ի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Լեզվի կոմիտեի մասնագետների ներգրավմամբ. խմբի ղեկավարը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն է:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ի լրումն նախարարի խոսքի, նշել է, որ հայերենի ստուգման նոր համակարգի միջոցով ոչ միայն կգնահատվի անձի լեզվի իմացության մակարդակը, այլև կընդլայնվեն սփյուռքահայ և օտարերկրյա ուսանողների՝ Հայաստանում սովորելու հնարավորությունները:
ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը ևս կարևորել է նոր համակարգի ներդրումը, որը կնպաստի հայերենի կենսունակության բարձրացմանը ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում. «Տպավորություն է, որ միայն մեծ տարածելիություն ունեցող լեզուները կարող են ունենալ այսօրինակ համակարգեր կամ լինել տեխնոլոգիական աշխարհում ներգրավված: Բայց ժամանակակից կյանքն այլ բան է թելադրում՝ փոքր տարածելիություն ունեցող լեզուները ևս կարող են ստեղծել համակարգեր, որոնք ինտեգրված կլինեն միջազգային գործընթացներում: Այս ծրագիրն ուղղված կլինի ոչ միայն Հայաստանում լեզվական խնդիրների լուծմանը, այլև կնպաստի հայերենի ընդլայնմանը ՀՀ-ից դուրս»,- ասել է նա:
Սիրանուշ Դվոյանը շնորհակալություն է հայտել ԵՊՀ-ին, «Իզմիրլյան» հիմնադրամին և ծրագրի մասնագիտական խմբին՝ կարևորելով ակտիվ համագործակցությունը: Նա շեշտել է այն փաստը, որ պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն համակարգի միջազգային ճանաչման առումով, և առաջիկայում կմշակվեն դրանք գործադրելու իրավական մեխանիզմներ։
«Մինչև տարեվերջ կմշակվեն միջազգային և եվրոպական ստանդարտներին համապատասխանող չափորոշիչներ: 2025 թվականի առաջին կեսին կիրականացվեն առաջադրանքների կազմումը և հարթակի ստեղծումը: Դրանից հետո կիրականացնենք ընդհանուր համակարգի փորձարկումը, որը մեզ թույլ կտա համապատասխան մասնագետների օգնությամբ վեր հանել խնդիրները և վերացնել դրանք»,- նշել է Լեզվի կոմիտեի նախագահը:
«Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացված ծրագրերի համար:
«Կրթությունը մեր հիմնադրամի ռազմավարական նպատակներից, թերևս, ամենակարևորն է: Հայերենը, թեպետ, աշխարհի ամենահին լեզուներից մեկն է, բայց չափելիության գործիք, որպես այդպիսին, չենք ունեցել լեզվի իմացության մակարդակի գնահատման համար: Տնտեսությունը ևս այս ծրագրի կարիքն ունի, քանի որ փոփոխվող աշխարհում աստիճանաբար նաև այլալեզու կամ օտարազգի աշխատուժի կարիք է լինելու, ինչը նորմալ գործընթաց է զարգացած տնտեսությունների պարագայում»,- ասել է Արմեն Չոբանյանը՝ ծրագիրը կարևորելով նաև տնտեսության զարգացման համատեքստում:
Հայերենը ոչ հայախոսների համար ծրագիրն իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Լեզվի կոմիտեն` «Իզմիրլյան» հիմնադրամի համաֆինանսավորմամբ։