Աղետի հետևանքով Թեղուտի հանքավայրն ու լեռնահարստացման կոմբինատը դադարեցրել են աշխատանքները

Լոռիում տեղի ունեցած աղետի հետևանքով մայիսի 26-ից Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը և լեռնահարստացման կոմբինատը դադարեցրել են աշխատանքները, գրում է «Հետքը»

Ինչպես մեզ հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն, դադարեցվել է հանքաքարի արդյունահանման և վերամշակման արտադրությունը, նշված աշխատանքների իրականացման տեխնոլոգիայում ներգրավված անձնակազմն ուղարկվել է ոչ գործատուի մեղքով հարկադիր պարապուրդի:

Հորդառատ անձրևի և Դեբեդ գետի հեղեղման հետևանքով խցանված են եղել ջրանցքները, որոնք նախատեսված էին գետի պոմպերով (հող, ավազ և մանրաքարեր) հեղեղված ջրերը հեռացնելու համար, լցված է եղել պարզեցման լճակը, որտեղ հավաքվում է հարստացուցիչ ֆաբրիկայում փակ ցիկլով հանքաքարի վերամշակման համար օգտագործվող ջուրը:

Հեղեղման հետևանքով ամբողջությամբ ջրալցվել է Դեբեդ գետի վրա գտնվող Ընկերության պոմպակայանն իր սարքավորումներով: «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը 3 տեղ ողողվել է:

«Վատ եղանակի և ջրհեղեղի այս հետևանքներն անհնարին են դարձրել հանքաքարի արդյունահանման և վերամշակման աշխատանքների շարունակումը, ինչպես նաև պատրաստի արտադրանքի առաքումը գնորդներին: Հանքաքարի արդյունահանման և վերամշակման արտադրական գործունեությունը կասեցվել է 26.05.2024 թվականից մինչև թվարկված հետևանքների վերացումը»,- հայտնել է Վլադիմիր Նալիվայկով:

Ներկա պահին մաքրվում է պարզեցման լճակի պոմպը (շուրջօրյա ռեժիմով), կատարվում է Դեբեդ գետի պոմպակայանի մաքրում հողից և քարերից, պոմպակայանում տեղադրված էլեկտրասարքավորումների ստուգվում և նորոգվում են, կատարվում է «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհի վերականգնում:

Spread the love